Երեկվա օրը համառոտ. սեպտեմբերի 4

Վրաստանի կառավարությունը նախատեսում է Թելավիի օդանավակայանի տեղում նոր օդանավակայան կառուցել։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պաշտոնական այցով Վրաստանում գտնվող իսրայելցի գործընկեր Ամիր Օհանայի հետ կայացած մամուլի ասուլիսում հույս է հայտնել, որ 2024 թվականին կմեկնարկեն ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները, ինչն էլ ավելի մեծ հնարավորություններ կստեղծի երկու երկրների և ժողովուրդների հարաբերություններում։

Ամերիկայի Միացյալ Նահանգների 43-րդ նախագահ Ջորջ Բուշի նամակում, որը Թբիլիսիում կայացած միջազգային համաժողովում տարածել է ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին բարձրաստիճան պաշտոնյա, Ջորջ Բուշի ինստիտուտի գլոբալ քաղաքականության հարցերով տնօրեն Դեյվիդ Կրամերը, նշվում է, որ դեռևս հարցեր կան Վրաստանի կառավարության՝ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ լինելու հարցում:

Եվրոպացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը կարծում է, որ «Վրացական երազանքի» կողմից Վրաստանի նախագահի իմպիչմենտի գործընթացի մեկնարկը շեղում է իրական խնդիրներից, արձագանքները՝ այստեղ:

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ 2023 թվականի օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,7 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 0,9 տոկոս։

Սեպտեմբերի 4-ից Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխություններով մեկնարկում է ավտոճանապարհներին տրանսպորտային միջոցների տեսանելի արտանետումների վերահսկումը։

Վրաստանում այս տարի միասնական ազգային քննությունները հաջողությամբ հանձնել և ուսանող է դարձել 34 հազար 843 դիմորդ։

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) նախնական տվյալներով՝ 2023 թվականի առաջին կիսամյակում ընդհանուր առմամբ տրվել է 13 հազար 045 վարորդական իրավունք։ Մասնավորապես, 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում տրվել է 5 746 վարորդական իրավունք, իսկ երկրորդ եռամսյակում՝ 7 299։

Վատ եղանակն ու առատ տեղումները խնդիրներ են ստեղծել Օզուրգեթիի մունիցիպալիտետում։ Ուռեկիում բնակելի տներ են հեղեղվել։

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքում՝ Արդարադատության տան մոտ, մեքենան երկու դեռահասի է վրաերթի ենթարկել: