Վրաստանում անցկացվող վրաց-ամերիկյան զորավարժություններին ՀՀ-ն այս տարի էլ չի մասնակցի

Վրաստանը հուլիսի 27-ից օգոստոսի 9-ը կհյուրընկալի Agile Spirit 2019 զորավարժությունները: Ռազմական զորավարժությունները Վրաստանի զինված ուժերի արևմտյան և ԱՄՆ-ի Եվրոպայի սպաների ղեկավարությամբ կանցկացվի:

Զորավարժությունների նպատակը մասնակից երկրների միջև հարաբերությունների ուժեղացումը, ինչպես նաև բազմազգ միջավայրում օպերատիվ հնարավորությունների բարելավումը և Սև ծովի տարածաշրջանում կայուն ու անվտանգ միջավայրի պահպանումն է:

Agile Spirit 2019 միաժամանակ կանցկացվի երեք վայրում՝ Սենակիում, երկրորդ հրաձիգ բրիգադի տարածքում, Օրփոլոյի և Վազիանիի զորամասում: Բազմակողմանի է նաև զորավարժությունների սցենարը, որոնք ցամաքային և օդային կոմպոնենտների ներգրավվածությունն են ենթադրում: Բազմազգ զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 14 երկրների 3000-ից ավելի զինվորական: Ռազմական զորավարժություններին կմասնակցեն՝ Վրաստանը, ԱՄՆ-ն, Բելգիան, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Մոնտենեգրոն, Նորվեգիան, Լեհաստանը, Ռումինիան, Թուրքիան և Ուկրաինան: Սա Վրաստանում անցկացվող թերևս ամենամասշտաբային զորավարժությունն է, որտեղ ներկայացված կլինի վրացական և ամերիկյան տեխնիկա:

Հատկանշական է, որ ՀՀ-ն այս տարի էլ չի մասնակցում զորավարժություններին: Սա այն ֆոնին, որ 2019թ․ փետրվարին, Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի Երևան կատարած այցի ընթացքում, կողմերը ստորագրել են 2019 թվականի ռազմական համագործակցության ամենամյա պլանը, որն ընդգրկում է ռազմական կրթությունը, ռազմական բժշկությունը, կոռուպցիայի դեմ պայքարի տարատեսակ միջոցառումներ: Իզորիան շնորհակալություն էր հայտնել նախարարին նշելով՝

«Շնորհակալություն պարոն Դավիթին, որ Հայաստանի զինված ուժերի զինծառայողները 2019-ին և հաջորդ տարիներին կմասնակցեն միջազգային զորավարժություններին, ինչպիսիք են Nobel Partner-ը և Agile Spirit-ը»:

ՀՀ-ի չմասնակցությունը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում մեկնաբանեց ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով, Հայաստանն այս ֆորմատին երբեք չի մասնակցել, չի ստացել նաև հրավեր:

Հարկ է նշել նաև, որ 2017 թվականին ՀՀ-ն այս զորավարժություններին մասնակցելուց վերջին պահին հրաժարվեց, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել: Այս քայլը քաղաքական գործիչների կողմից ընկալվել էր, որպես Ռուսաստանի ճնշում Հայաստանի վրա:

Հայաստանի դիրքորոշման մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը.

«Իրականում, սակայն, սա ոչ թե պաշտպանական գերատեսչությանը վերաբերող հարց է, որը ստիպված է լինում յուրաքանչյուր նման չմասնակցության համար ինչ-որ փաստարկ ներկայացնել, այլ Հայաստանի արտաքին քաղաքականության չափազանց սկզբունքային խնդիր։ Ակնհայտ է, որ Հայաստանը հրաժարվում է մասնակցել ՆԱՏՕ-ի միջոցառումներին Ռուսաստանին դուր գալու համար։ Դա Հայաստանի նոր իշխանության որդեգրած միագիծ, միավեկտոր արտաքին քաղաքականության արտահայտությունն է, որն ունի միայն մեկ նպատակադրում՝ սիրաշահել Ռուսաստանին ու նրա ղեկավարությանը»,- նշված է Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջում:

Նախօրեին վրացական լրատվամիջոցներում տարածվեց նաև տեղեկություն առ այն, որ ՌԴ-ն պատրաստվում է զորավարժություններ անցկացնել օկուպացված Աբխազիայում, Հարավային Օսիայում և Հայաստանում: Իմեդի հեռուստաընկերությունը գրում է, որ զորավարժություններն անցկացվելու են Agile Spirit-ին զուգահեռ: Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, զուգահեռներ անցկացնելու առիթ չի տեսնում:

«ՀՀ-ի տարածքում ռուսական ռազմակայանն անցկացնում է մշտական զորավարժություններ, այդ թվում՝ Հայաստանի կողմի հետ համատեղ: Դրանք պլանային զորավարժություններ են և չեմ կարծում, որ տրամաբանական է, կամ կոռեկտ է դրանք դիտարկել, որպես Վրաստանում անցկացվող զորավարժութուններին զուգահեռ»,- մեզ հետ զրույցում ասում է Արծրուն Հովհաննիսյանը: