Վրաստանում գտնվող 4,5 հազար ռուս զբոսաշրջիկ չի հետևել Պուտինի կոչին

Այս պահին Վրաստանում գտնվող 4,5 հազար ռուս զբոսաշրջիկ ավիատոմսը չի փոխել՝ այդպիսով չհետևելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ռուսատան վերադառնալու մասին կոչին։

Հիշեցնենք՝ այսօրվանից ուժի մեջ է մտնում դեպի Վրաստան ռուսական ավիաընկերությունների թռիչքների արգելքը։ Համապատասխան հրամանագիրը  Պուտինն ընդունել է հունիսի 21-ին։

Ի դեպ, երեկ՝ հուլիսի 7-ին, վրացական Georgian Airways և MyWay Airlines ավիաընկերությունները իրականացրել են վերջին թռիչքները դեպի Ռուսաստան։

Ռուսաստանի տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հրամանագրի ընդունման պահին Վրաստանում հանգստանում էր շուրջ 54 հազար ռուսաստանցի, այսօր, սակայն, որոշումն ուժի մեջ մտնելու պահին, դեռևս 4,5 հազարը շարունակում է մնալ Վրաստանում։

«Հավանաբար, այն մարդիկ են մնացել, ովքեր որոշել են օգտվել տրանսպորտային այլ միջոցներից: Ամեն դեպքում հուլիսի 8-ին, ինչպես նաև շաբաթվա ընթացքում լրացուցիչ միջոցներ ենք նախատեսում նրանց Ռուսաստան վերադարձը կազմակերպելու համար».- ասել է Դիտրիխը: Նրա խոսքով հիշյալ զբոսաշրջիկներին հարևան երկրի միջոցով են պատրաստվում օգնել դուրս գալ Վրաստանից:

Վրացական ազգային ավիափոխադրող Georgian Airways ընկերության պաշտոնական տեղեկատվությամբ, չնայած արգելքին, ընկերությունը կապահովի ավիահաղորդակցությունը Ռուսաստանի և Վրաստանի միջև՝ Մոսկվա-Երևան-Թբիլիսի ուղղությամբ։