Վրաստանում ջերմաստիճանը կհասնի +41 աստիճանի

Ընթացիկ շաբաթվա ընթացքում Վրաստանի տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Ըստ կանխատեսման՝ առանձին օրերին օդի ջերմաստիճանը արևմտյան Վրաստանի հարթավայրում կարող է հասնել +37, +39, արևելյան Վրաստանում՝ +39, +41 աստիճանի։ Հանրապետության լեռնային շրջաններում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը կլինի մինչև +33, +38 աստիճան, բարձրադիր շրջաններում՝ +28, +33 աստիճան։

Գործակալությունը զգուշացնում է՝ սպասվող բարձր ջերմաստիճանը բարենպաստ պայմաններ են ջերմային սթրեսի, անտառային հրդեհների և սառցադաշտերի հալման հետ կապված գործընթացների ակտիվացման համար։