Վրաստանում կենսապահովման մակարդակն աճել է․ Geostat

Վրաստանի վիճակագրական ազգային գործակալությունը՝ Geostat-ը, նոր հրապարակում է արել, ըստ որի՝ սեպտեմբերի դրությամբ կենսապահովման մակարդակն աճել է տարեկան 32.3 լարիով (մոտ 10,30 դոլար), իսկ «աշխատունակ մարդու» գոյության համար պահանջվող նվազագույն գումարը սահմանվել է 216.3 լարի (մոտ 68,90 դոլար):  

Հարկ է նշել նաև, որ «միջին սպառողի» ապրուստի մակարդակը սեպտեմբերին աճել է տարեկան 28,6 լարիով (մոտ 9,10 դոլարով)՝ հասնելով մինչև 191,6 լարի (մոտ 61 դոլար): 

Կենսապահովման մակարդակի նման աճը պայմանավորված է երկրում առկա բարձր գնաճի հետ:  

Հիշեցնենք, որ սեպտեմբերին տարեկան գնաճը կազմել էր 12.3%: Միևնույն ժամանակ, պարենային ապրանքների գների աճն ամենամեծ ազդեցությունն է թողել նույն ամսվա տարեկան գնաճի վրա:  Ինչպես հայտնի է, ապրուստի մակարդակի հաշվարկման մեծ մասնաբաժինը գալիս է սննդից: 

Նշենք նաև, որ այս տարվա սեպտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, գների ընդհանուր մակարդակն աճել է 0.2%-ով, թեև կենսապահովման մակարդակը նույն ժամանակահատվածում նվազել է: Ավելի կոնկրետ՝ սեպտեմբերին, ընթացիկ տարվա նախորդ ամսվա համեմատ, ապրուստի համար պահանջվող նվազագույն գումարը «աշխատունակ մարդու» համար կրճատվել է 4,8 լարիով (մոտ 1,53 դոլարով), իսկ «միջին սպառողի» համար ՝ 4,3 լարիով (մոտ 1,37  դոլարով): 

Geostat-ը կենսապահովման մակարդակը հաշվարկում է ըստ նվազագույն պարենային զամբյուղի, որը սահմանվել և հաստատվել է 2004 թվականին՝ Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության կողմից։ 

Նվազագույն պարենային զամբյուղը ներառում է 40 ապրանք: Սննդի ծախսերի տեսակարար կշիռը կենսապահովման ծախսերում կազմում է՝ 70%, իսկ ոչ պարենային ծախսերինը` 30%:

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր