Վրաստանում կորել է Ավստրալիայի քաղաքացի, ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել` Թբիլիսիում անհետացած ավստրալիացի կնոջ գործով:

Ըստ եղած տեղեկությունների ՝ Շանա Բրուկը Վրաստան է տեղափոխվել ավելի քան մեկ տարի առաջ, զբաղված էր անգլերենի ուսուցմամբ, անհետացել է նախօրեին: Նրա անհետ կորելու մասին գրել են ընկերները`  սոցիալական ցանցում: Նրանք խնդրում են բոլորին տեղեկատվություն տրամադրել Շանայի հնարավոր գտնվելու վայրի մասին: Ոստիկանները պարզել են, որ Շանայի հեռախոսը  Մտածմինդայի շրջանում է, և փրկարարական ջոկատներն անդադար աշխատում են, ըստ վերջին լուրերի` դեռևս ապարդյուն:

Տեղեկություն կա, որ նախօրեին ցերեկը նա զանգել է ընկերոջն ու օգնություն խնդրել, ասել, որ հարձակվել են իր վրա, ապա կապն ընդհատվել է:  Ըստ ընկերների` երիտասարդ կինը հաճախ էր  արշավի գնում`  Թբիլիսիի մերձակա սարերում, դեպի Մտածմինդա քայլելը նրա համար նորություն  չէր:

Վաղ առավոտից  Վրաստանում բնակվող օտարերկրացիներից և նրանց տեղացի ընկերներից որոնողական խումբ է կազմվել,  ուսումնասիրում է Մթածմինդայի անտառի տարածքը ՝ որևէ  հետք գտնելու նպատակով: