Վրաստանում մահացության և ծնելիության դեպքերի թիվը նվազել է

2023 թվականին՝ 2022 թվականի համեմատ, մահվան դեպքերի և նորածինների թիվը նվազել է, տեղեկանում ենք Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներից։

Ըստ տեղեկության՝ 2022 թվականի համեմատ, 2023 թվականին մահացության դեպքերը թիվը նվազել է 13.0 տոկոսով և կազմել 42 հազար 756 միավոր։ Մահացության ամենաշատ դեպքերը գրանցվել են Թբիլիսիում (12 հազար 229 մարդ), ամենաքիչը՝ Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի շրջաններում (580 մարդ):

«2023 թվականի տվյալներով` մանկական մահացության գործակիցը (մինչև 1 տարեկան մահացության թիվը 1000 ողջ ծնվածի հաշվով) կազմել է 8,2 պրոմիլ։ 2023 թվականին մինչև 5 տարեկան մահացության մակարդակը (1000 ողջ ծնվածի հաշվով) կազմել է 9,5 պրոմիլ։

2023 թվականին Վրաստանում գրանցվել է բացասական բնական աճ (ողջ ծնվածների և մահացածների թվի տարբերություն) և գնահատվել է 2542 միավորով։ Բացի այդ, բնական բացասական աճ է գրանցվել բոլոր շրջաններում, բացառությամբ Թբիլիսիի, Աջարիայի Ինքնավար Հանրապետության և Քվեմո Քարթլիի շրջանի»,- նշված է Geostat-ի տարածած տեղեկատվության մեջ։

Նույն տվյալների համաձայն, 2023 թվականին Վրաստանում ողջ ծնվածների թիվը կազմել է 40 հազար 214 երեխա, այդ թվում՝ 21 հազար 010 տղա և 19 հազար 204 աղջիկ։ Այս ցուցանիշը 2022 թվականի համեմատ նվազել է 5.0 տոկոսով։

2023 թվականին ամենամեծ թվով ծնունդներ գրանցվել են Թբիլիսիում (13 հազար 697 երեխա), իսկ ամենափոքրը՝ Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում (226 երեխա):

2023 թվականին ողջ ծնվածների ընդհանուր թվով, նախորդ տարվա համեմատ, մինչև 25 տարեկան մայրերից ծնված երեխաների տեսակարար կշիռը 26,5 տոկոսից նվազել է մինչև 24,6 տոկոս, 25-39 տարիքային խմբում մայրերի տեսակարար կշիռը 69,6 տոկոսից նվազել է մինչև 69,4 տոկոս: Աճ է նկատվել 40 և ավելի բարձր տարիքի մայրերի շրջանում, որոնց մասնաբաժինը 4.0 տոկոսից աճել է մինչև 6.0 տոկոս:

2023 թվականին առաջին երեխայի ծննդյան ժամանակ մոր միջին տարիքը որոշվել է 26,7 տարեկանը։