Քութաիսիի օդանավակայանից դեպի քաղաքի կենտրոն ավտոբուս կգործի

Այսօրվանից՝ մարտի 28-ից, Քութաիսիի օդանավակայանից դեպի քաղաքի կենտրոն և հակառակ ուղղությամբ ուղևորներին ավտոբուս կսպասարկի։ Տրանսպորտը կշահագործվի այնպես, որ հարմար լինի բոլոր ավիաընկերությունների ուղևորներին։

Ուղեվարձը 5 լարի է, իսկ վճարումը կարելի է կատարել ցանկացած բանկային քարտով:
Օդանավակայանից Քութաիսի ժամանող ավտոբուսը կանգ կառնի Ռուսթավելի 9ա հասցեում՝ DMO Իմերեթիի շենքի դիմաց։

Վրաստանի օդանավակայանների միությունը Քութաիսիի օդանավակայանի ուղևորների համար գնել է 3 ավտոբուս՝ ընդհանուր 1 մլն 398 հազար 300 լարիով։ Պայմանագիր է կնքվել «Ջի-Թի Գրուպ» ՍՊԸ-ի հետ։

Յուրաքանչյուր ավտոբուս կարող է տեղափոխել առնվազն 45 ուղևոր և հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Մինչ այս փոփոխությունը, Քութաիսիի օդանավակայանից ավտոբուսն աշխատում էր միայն Թբիլիսիի և Բաթումիի ուղղությամբ։