Վրաստանում նավթի գների նվազում է կանխատեսվում

Այսօր կառավարության նիստից հետո Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին ասել է, որ դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքի ամրապնդման և համաշխարհային շուկայում նավթի գների նվազման ֆոնին վառելիքի գնի իջեցում է նախատեսվում։

«Մի կողմից նոր պայմանագրերում վառելիքի իջեցված գինը, մյուս կողմից՝ լարիի համեմատաբար կայուն փոխարժեքը ցույց են տալիս այն ակնկալիքը, որ վառելիքի գինը կգնա դեպի նվազում», — ասել է Խուցիշվիլին։

Կառավարության նիստում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին էլ հայտարարել է, որ նախորդ իշխանությունների օրոք վառելիքի և նավթի ներկրումը մենաշնորհված էր։

Ըստ վարչապետի՝ շուկան պետք է ավելի ընդլայնվի՝ սպառողներին ավելի մեծ ընտրություն տալու համար։

«Ուզում եմ հիշեցնել մեր քաղաքացիներին, որ նախորդ իշխանությունների օրոք շուկայում գործնականում մի քանի խմբեր կային, մի խումբը մենաշնորհված էր ու թելադրում էր բոլոր ներկրողներին։ Այն գտնվում էր Սաակաշվիլիի և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի ձեռքում։

«Վրացական երազանքի» իշխանության գալուց ի վեր իրավիճակն արմատապես փոխվել է՝ շուկայում հայտնվել են մի քանի տասնյակ ներկրողներ։ Ձևավորվել են նաև մեծ խմբեր, քանի որ շուկայում կա ազատ մրցակցություն, կառավարությունը շատ չի միջամտում գների կարգավորմանը»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Ղարիբաշվիլին նշել է, որ «այս ամենը խոսում է այն մասին, որ իրենց իշխանությունը ճիշտ քաղաքականություն է վարում, բայց մյուս կողմից ուշադիր հետևում են բոլոր բարեխիղճ ներկրողների գործողություններին, նրանց վարքագծին.

«Մենք ակնկալում ենք, որ վառելիքի գները շատ շուտով կնվազեն, եթե համաշխարհային շուկայում արմատական ​​փոփոխություններ տեղի չունենան»:

Կարդացեք նաև՝

https://www.aliq.ge/varelikhi-gni-nvazum-e-aknkalvum/