Վրաստանում շարունակվում է բնակչության պատվաստումը

Հունիսի 23-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ ընդհանուր հաշվով իրականացվել է 242 451 պատվաստում: Ամբողջական պատվաստում (երկու դեղաբաժին) ստացել է 87 131 քաղաքացի: Վերջին մեկ օրվա ընթացքում իրականացվել է 3957 պատվաստում: 

Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկեց մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների խումբն ընդլայնվեց և պատվաստվել սկսեցին նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Այժմ AstraZeneca տեսակի պատվաստանյութով պատվաստվելու համար կարող են գրանցվել 45 տարեկանից բարձր քաղաքացիները:

18 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումն ընթանում է չինական «Սինոֆարմ» տեսակի պատվաստանյութով: Մայիսի 24-ից 18 տարեկանից բարձր քաղաքացիները պատվաստվում են «Սինովակ» տեսակի պատվաստանյութով:

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությամբ, այսուհետ բացի AstraZeneca տեսակի պատվաստանյութից Վրաստան ներմուծված բոլոր տեսակի պատվաստանյութերով կարող են պատվաստվել 18 տարեկանից բարձր քաղաքացիները:

Վրաստանը հուլիսից նախատեսում է սկսել բնակչության մասսայական պատվաստում: Մասնագետների խոսքով հուլիսին հնարավոր կլինի Վրաստանի խոշոր քաղաքների սպորտային հաստատություններում, առևտրի կենտրոններում և այլ մեծ տարածքներում առանց նախապես գրանցման պատվաստվել:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ, երկու շաբաթվա ընթացքում երկիր կներմուծվի 1 մլն դեղաբաժին պատվաստանյութ և կսկսվի բնակչության մասսայական պատվաստում: