Ապրիլի 9-ին նախագահը կհյուրընկալի տարբեր ոլորտների կանանց

Ապրիլի 9-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիի օպերայի և բալետի պետական ​​թատրոնում կհյուրընկալի տարբեր ոլորտների կանանց, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։

Ըստ հաղորդագրության՝ հավաքի նպատակն է միասին նշել ապրիլի 9-ը և աջակցություն հայտնել Վրաստանի եվրոպական ապագային։

«Հասարակությանը մոլորեցնելու փորձերից ելնելով՝ պարզաբանում ենք, որ, ինչպես նախագահի հովանու ներքո անցկացվող այլ միջոցառումները, այս միջոցառումը նույնպես ապաքաղաքական է և նպատակ չունի որևէ շարժում հիմնելու կամ ձևավորելու»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ի դեպ, 1989-ի ապրլիլի 9-ի լուսադեմին, Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդային զինուժը ցրեց բողոքի ցույցը, 21 մարդ զոհվեց, հարյուրավոր քաղաքացիներ թունավորվեցին գազից, որի բաղադրությունը մինչև այսօր էլ անհայտ է:

Վրաստանում ապրիլի 9-ը նշվում է որպես ազգային միասնության, քաղաքացիական համաձայնության և հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր: Սա նաև Վրաստանի անկախության վերականգնման օրն է: Ավանդաբար, այս օրը նշվում է Թբիլիսիում՝ Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի դիմաց, ապրիլի 9-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ: Մարդիկ գիշերվանից են սկսում մոմավառությունը, այն շարունակվում է մինչև առավոտ: