Վրաստանում ուսանողների միայն 17 %-ն է ամբողջությամբ պատվաստվել

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ ուսանողների միայն 17 %-ն է ամբողջությամբ պատվաստվել կորոնավիրուսի դեմ:

Կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտնեց, որ սա երկրում ամենացածր ցուցանիշն է:

«Վրաստանում սովորում է շուրջ 138 հազար ուսանող: Բակալավրերի, մագիստրոսների և դոկտորանտների շրջանում լրիվ պատվաստումների միջին ցուցանիշը 17 տոկոս է, ինչը ցածր ցուցանիշ է»,- հայտարարել է Գամկղրելիձեն:

Վերջինս կոչ արեց ուսանողներին, որ եթե նրանք ցանկանում են հաճախել դասերին, ապա պետք է ավելի ակտիվ լինեն և օրինակ ծառայեն մյուսներին:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ուսումնասիրության համաձայն՝ ուսանողների մոտ 9.5%-ը վարակվել է կորոնավիրուսով: Վրաստանի ԿԳ նախարարության որոշմամբ` երկրում առկա համաճարակային իրավիճակից ելնելով` բուհերում ուսումնական գործընթացը կսկսվի հեռավար ռեժիմով՝ սեպտեմբերի 15-ից: