ՏԻՄ ընտրություններին ընդառաջ. Արսեն Կարապետյան. Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու

«Ալիք Մեդիան» Վրաստանում հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ զրուցել է Վրաստանի էթնիկ հայերով բնակեցված մունիցիպալիտետների քաղաքապետերի թեկնածուների հետ՝ ընտրողին նրանց գաղափարներն ու ծրագրերը ներկայացնելու նպատակով:

«Եվրոպական Վրաստան» կուսակցության Ախալաքաքի մունիցիպալիտետի քաղաքապետի թեկնածու Արսեն Կարապետյան

Ծնվել է 1982 թվականին Ախալքալաքում: Ավարտել Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

Կարապետյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է՝ քաղաքապետի պաշտոնի համար պայքարի մեջ ներգրավվել է, քանի որ, որպես տեղի բնակիչ, լիովին տիրապետում է տարածքի խնդիրներին: Բացի այդ, նշում է․ «երկիրը հանրաքվեի առջև է կանգնած, ու ընտրություններին մասնակցելու գլխավոր նպատակներից մեկը վնասատու «Վրացական երազանքի» դեմ պայքարելն է»:

Խոսելով մունիցիպալիտետի խնդիրների մասին, Կարապետյանն առանձնացնում է մի քանի ոլորտ՝ Տուրցխ գյուղի ձկան հարցը, Վարևան գյուղի խմելու ջրի բացակայության հարցը: Նրա խոսքով, բոլոր գյուղերը տարբեր են, ունեն տարբեր խնդիրներ, հետևաբար՝ տարբեր լուծման ճանապարհներ են պահանջում, ու մունիցիպալիտետի մեկ ընդհանուր երկարաժամկետ  ծրագիր մշակելը նվազագույնը հեքիաթասացություն է:

«Թեկուզ հենց  Ախալքալաք քաղաքը․ վերջին ութ տարվա ընթացքում այստեղ երիտասարդները գործ չունեն անելու: Զարգանալ հնարավոր չէ, պաշտոնները զբաղեցնում են այն անձինք, ովքեր չինովնիկ էին դեռևս իմ դպրոցական տարիքում: Խնդիր է նաև այն, որ տեղական պետծառայողների ողջ կազմը վերածվել է իշխող կուսակցության ակտիվիստների ու զբաղված են ոմանց վախեցնելով, ոմանց վրա ազդելով և այլն»:

Կարապետյանը գտնում է, որ մունիցիպալիտետում՝ թե՛ սակրեբուլոյում (ավագանի), թե՛ քաղաքապետարանում նոր մարդկանց ու երիտասարդ էներգիայի կարիք կա: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի պայքարել առավել լավ ապագայի համար: Վերջինս, բացի նախընտրական քարոզարշավի շրջանակներում ընտրողների հետ հանդիպումներից, առաջարկում է ընտրվելու դեպքում հանրային հանդիպումներ անցկացնել ու բնակիչների հետ մեկտեղ մշակել Ախալքալաքի զարգացման ծրագիր, որպեսզի բոլոր գյուղերի ու քաղաքների կարիքները հաշվի առնված լինեն:

Խոսելով Ջավախքի բնակչության նկատմամբ ընկալումների մասին, Կարապետյանը նշում է․

«Այստեղ նախընտրական շրջանների ժամանակ են միայն այցելում իշխող կուսակցության առաջնորդները, ասում են՝ դուք շատ աշխատասեր ժողովուրդ եք, ուրախ ենք ձեզ տեսնել ու վերջ: Այդպես՝ մինչև հաջորդ ընտրությունները: Տեղում էլ մարդկանց թվում է, թե իրենք ոչինչ չեն որոշում, «փոքրամասնություն են», սակայն եթե այդպես լիներ, ապա ինչո՞ւ է անհրաժեշտ մեզ վախեցնել կամ գնել մեր ձայները: Ես ինձ փոքրամասնություն չեմ համարում, ես Վրաստանի լիարժեք քաղաքացի եմ, ու միևնույն ժամանակ՝ լիարժեք հայ՝ իմ ավանդույթներով ու մշակույթով: Հարկ եղած ժամանակ՝ զենքը ձեռքիս պատերազմել եմ հանուն իմ երկրի, ու շարունակում եմ պայքարել հանուն լավագույն ապագայի»,- ասում է Արսեն Կարապետյանը:

Արսեն Կարապետյանը տարիներ շարունակ աշխատել է ուժային կառույցում, եղել է Նինոծմինդայի  շրջանային ոստիկանության պետը: «Վրացական երազանք» կուսակցության իշխանության գալուց հետո, 2012-ին, ինքնակամ թողել է պաշտոնն ու զվաղվել քաղաքականությամբ՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կազմում: 2016 թվականի խորհրդարանական ընտրություններին եղել է այս կուսակցության առաջադրած Ախալքալաքի ու Նինոծմինդայի մեծամասնական պատգամավորի թեկնածուն: Կուսակցության պառակտումից հետո մնացել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության կազմում, որի կողմից մասնակցում էր նաև նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններին: