Վճարովի կայանտեղեր կգործեն Հին Թբիլիսիում և Սաբուրթալոյում

Թբիլիսիի առավել գերբեռնված փողոցներում ավտոկայանման վճարովի համակարգ է ներդրվում։ Վճարովի կայանատեղերը առաջին փուլում կգործեն մայրաքաղաքի դեռևս միայն երկու թաղամասերում՝ Հին Թբիլիսիում և Սաբուրթալոյում:

Interpressnews-ին քաղաքապետարանի տրանսպորտային ծառայության ղեկավար Մամուկա Մումլաձեն տեղեկացրել է, որ Հին Թբիլիսիի տարածքում ժամային կայանումը կսկվի սակրեբուլոյի մոտից, կներառի բոլոր հարակից փողոցները մինչև Զաարբրյուկենի հրապարակ և Ամաղլեբա փողոց: Ինչ վերաբերում է Սաբուրթալոյի շրջանին, ամենժամյա կայանում կսահմանվի Շարտավա, Կոստավա, Պեկինի, Վաժա Փշավելա, Ղազբեգի և Միցկևիչի փողոցներում:

«Մեր նպատակն է, որ այս փողոցները դարձնենք ավելի անցանելի, առանց խցանումների: Սկզբնական փուլում ընտրվել են այս երկու թաղամասերը, քանի որ Հին Թբիլիսին զբոսաշրջիկների համար գրավիչ հատված է, իսկ Վակե-Սաբուրթալոյում հիմնականում գրասենյակներ են տեղակայված, ուստի այս հատվածներում տեղաշարժվելն անհամեմատ դժվար է»,- հայտարարել է Մումլաձեն: