Վթարային անջատում ողջ երկրում. էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվում է փուլ առ փուլ

«Վրաստանի պետական էլեկտրահամակարգ»-ը հաղորդագրություն է տարածել Վրաստանում համապետական մասշտաբով էլեկտրաէներգիայի վթարային անջատման վերաբերյալ։

Ըստ հաղորդագրության՝ այս պահին ընթանում են վերականգնողական աշխատանքներ, և սպառողներին էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվում է փուլ առ փուլ։

Պարզվում են վթարի հստակ պատճառները, և հաղորդագրության մեջ ընդգծված է, որ տարածված վարկածների մի մասը ապատեղեկատվություն է։

«Այսօր, մոտավորապես ժամը 00:10-ին, համապետական մասշտաբով էլեկտրաէներգիայի մատակարարումը վթարի պատճառով անջատվել է։

Այս պահին ընթանում են վերականգնողական աշխատանքներ։ Սպառողներին էլեկտրաէներգիայի մատակարարումը փուլ առ փուլ, ամենասեղմ ժամկետներում ամբողջությամբ կվերականգնվի։ Այս պահի դրությամբ էլեկտրաէներգիայի մատակարարումը մասնակիորեն վերականգնվել է Մցխեթա-Մթիանեթիի մարզում և Թբիլիսիի մեծ մասում։

Էլեկտրաէներգիայի անջատման պատճառի վերաբերյալ տարածվում է ապատեղեկատվություն։ Հորդորում ենք լրատվամիջոցներին առաջնորդվել միայն պաշտոնական տեղեկատվությամբ և զերծ մնալ չհաստատված տեղեկությունների տարածումից։

Զուգահեռաբար ընթանում է վթարի հստակ պատճառների պարզումը, ինչի մասին հանրությանը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,- ասված է հաղորդագրության մեջ։