Wolt-ի առաքիչները շարունակում են ցույցերը

Wolt առաքման ծառայության աշխատակիցները Թբիլիսիում բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով բարելավել աշխատանքային պայմանները և բարձրացնել աշխատավարձերը։ Սա փետրվարի ընթացքում Wolt-ի առաքիչների երկրորդ լայնածավալ ցույցն է։

«Մեր բողոքն ու գործադուլը աշխատավարձերի էական կրճատման պատճառով է», — նշել է ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ պահանջելով  բարձրացնել աշխատավարձերը և վերանայել պայմանագրի պայմանները։ Ցուցարարների պահանջն է նաև գլխավոր մենեջեր Նատալիա Խիզանիշվիլիի անհապաղ հրաժարականը և հանդիպում Wolt-ի ղեկավար կազմի հետ։

Ընկերության ղեկավարությունն արձագանքել է առաքիչների բողոքին՝  նշելով, որ ի սկզբանե պատրաստակամություն է հայտնել հանդիպել ցույցի կազմակերպիչների հետ, սակայն մասնակիցները հրաժարվել են հանդիպման այդ ձևաչափից՝ պնդելով, որ բանակցությունների կներկայանան ցույցերին մասնակից բոլոր առաքիչներով։

Վերջին շրջանում առաքիչները դժգոհությունն են հայտնում ծառայության հավելվածում արված փոփոխություններից։ Wolt-ը տեղեկացրել է, որ փետրվարի 15-ից ընկերության հարթակում գործում է վճարումների նոր համակարգ, ըստ որի, մինչ պատվերի հաստատումը առաքիչը տեղեկանում է պատվերի սակագնի մասին, որից հետո միայն որոշում կայացնում պատվերն ընդունելու կամ հրաժարվել։

Հարկ է նշել նաև, որ փետրվարի 13-ին էլ Wolt-ի ավելի քան 100 առաքիչ դիմել են հանրային պաշտպանին՝ նշելով, որ նախորդ շաբաթ աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված բողոքի ակցիայի ժամանակ ընկերությունից հաղորդագրություն են ստացել, որը համարում են սպառնալիք և խոսքի ազատության սահմանափակում։

Մասնավորապես, ինչպես նշում են նրանք, հաղորդագրությամբ ընկերությունը սպառնացել է խզել պայմանագիրը յուրաքանչյուր առաքչի հետ, որը կխոչընդոտի գործընկերոջ աշխատանքը։

Աննա Թորոսյան, ստաժոր