Վրացի ընդդիմադիր քաղաքական գործիչ և գործարար Մամուկա Խազարաձեի ընտանեկան հիմնադրամը՝ Խազարաձեների հիմնադրամը, Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում գնել է 1906 թվականին կառուցված մոդեռն ոճի շենք։
Հիմնադրամը հայտարարել է, որ շենքը կդառնա «վրացական սոցիալ-մշակութային մշտական տարածք»։
«Աեգիդիումը (շենքի անվանումն է) պատմությամբ և հույզերով լի վայր է։ Մեր ցանկությունն է վերականգնել այդ շենքն այնպես, որ պահպանվի դրա իսկական ոգին», — ասել է Մամուկա Խազարաձեն, որն արդեն մի քանի ամիս Վրաստանում չէ։
1906 թվականին կառուցված Աեգիդիումը, որը տարիներ շարունակ բազմաթիվ հոդվածների թեմա է դարձել արևմտյան լրատվամիջոցներում, ուշագրավ ճարտարապետական կոթող է։ Շենքը համատեղում է մոդեռն և մավրիտանական ոճերի տարրեր։
Շենքն անցյալում ծառայել է որպես թատրոն, կինոթատրոն և խնջույքների սրահ, նաև երկար տարիներ փակ է եղել։