«Խելացի տեսախցիկներ» Լարսի ճանապարհին

Արագության վերահսկման վեց սեկցիա է սկսել գործել վրաց-ռուսական սահման տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին: Տեղեկությունը տարածել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: 

Առաջին երկու սեկցիաները տեղադրված են ճանապարհի 0-2 կմ-ի վրա, որն ավարտվում է Նատախտարի գյուղի մոտակայքում, այստեղ  թույլատրված առավելագույն արագությունը 80 կմ/ժ է:

Երկրորդ սեկցիան 2-5 կմ-ի վրա է, Նատախտարիից մինչև Միսաքցիելի գյուղ, և հակառակ ուղղությամբ: Այստեղ առավելագույն թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Եվս երկու սեկցիա 5-9-րդ կմ-ի վրա է, Միսաքցիելիից Նաոզա գյուղ  և հակառակ ուղղությամբ, թույլատրելի առավելագույն արագությունը՝ 80 կմ/ժ:

Հիշեցնենք՝ «խելացի տեսախցիկները» երկրում գործարկվել էին 2017-ից, դրանք ավտոմատ ռեժիմում արձանագրում են խախտումն ու կարճ հաղորդագրություն ուղարկում վարորդին: Համակարգը գործում է՝ վիդեոանալիտիկ ծրագրերի օգնությամբ, որոնք տեղակայված են Վրաստանի ներքին գործերի նախարարության համատեղ գործողությունների կենտրոնում:

Նույն ժամանակահատվածում որոշում էր կայացվել նոր ռադարներ գործարկել, քանի որ հները արդյունավետ չէին, վարորդները գտել էին դրանց «խաբելու» տարբերակը. մոտենալիս գցում էին արագությունը: Իսկ սեկցիոն ռադարները արագությունը վերահսկում են ճանապարհի ողջ հատվածում:

Ներկայումս Վրաստանում 2677 տեսախցիկ կա, դրանցից 944-ը՝ «սմարթ», որոնք ճանաչում են ավտոմեքենաների համարանիշը: Այսօրվա դրությամբ սեկցիոն վերահսկողությունը ծածկում է ընդհանուր առմամբ 470 կմ՝ երկրի ողջ տարածքում: