Ներողություն խնդրող ՆԳ նախարարի կիսանդրին խորհրդարանի մոտ

Թբիլիսիի կենտրոնում, խորհրդարանի շենքի դիմաց տեղադրվել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի գիպսե կիսանդրին, որի վրա կա կոճակ: Այս կոճակին սեղմելիս նախարարը ներողություն է խնդրում:

Կիսանդրին տեղադրվել է մի խումբ երիտասարդ ակտիվիստների կողմից՝ հիշեցնելու համար նախորդ տարի մայիսի 12-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները:

Հիշեցնենք, որ նախորդ տարի «Բասիանի» և «Գալերի» գիշերային ակումբներում ոստիկանությունը հատուկ գործողություն էր իրականացրել՝ ձերբակալելով թմրանյութ վաճառող մի քանի անձի: Դեպքի հետ կապված երիտասարդները բողոքի ցույցեր էին կազմակերպել խորհրդարանի շենքի դիմաց, վրաններ տեղադրել, որտեղ նաև գիշերում էին: Ցույցի խորագիրն էր՝ «պարում ենք միասին, պայքարում ենք միասին»: Երիտասարդները գիշերային ակումբը տեղափոխել էին խորհրդարանի շենքի տարածք, որտեղ բարձր ակումբային երաժշտության ներքո պարում էին: