Խիստ ստուգումներ և տուգանքներ Թբիլիսիի շուկաներում

Վրաստանի սննդի և հագուստի շուկաներում սկսել են տուգանել կորոնավիրուսի պայմաններում աշխատանքային կանոնները խախտելու համար։ 

Բոլոր շուկաներում Առողջապահության նախարարության խորհրդատվությունների հիման  վրա աշխատանքային հատուկ կարգ է սահմանվել։ Առևտրականները պետք է ապահովված լինեն դիմակներով, ձեռնոցներով, աշխատանքի անցնելուց առաջ պարտադիր ջերմաչափում անցնեն։ Կարևորություն է տրվում նաև սոցիալական հեռավորության պահպանմանը` ինչպես վաճառականների, այնպես էլ գնորդների կողմից։

Լիլոյի շուկայում 12 տնտեսվարող արդեն տուգանվել է, 1 տուգանք էլ գրվել է Նավթլուղի շուկայում, 3-ը` Դիդուբեի։

Նախորդ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում ստուգվել են գրեթե բոլոր գործող շուկաները` Լիլոյի, Էլիավայի, Նավթլուղի, Դիդուբեի, Գլդանիի, Վարկեթիլիի, Դիղոմիի։ Բոլոր ձեռներեցներին բացատրվել է աշխատանքի նոր կարգը։

Շուկաներում խիստ ստուգումների կարիք առաջացավ, երբ Լիլոյի շուկայում կորոնավիրուսի աղբյուր հայտնաբերվեց։ Ներկայումս առևտրականները ակտիվ բուժզննում են անցնում, տարածքը ախտահանվում է։

Հիշեցնենք՝ այսօրվա դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1137 են։ Ապաքինվել է 922, մահացել՝ 16 մարդ։

Երկրում վարակի առաջին դեպքը հաստատվել է փետրվարի 26-ին։