XIX-XX դարերի մշակույթի տունը կհիմնանորոգվի. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Արևմտյան Վրաստանի Աբաշիի շրջանի Մառնի գյուղում կհիմնանորոգվի 19-20-րդ դարում կառուցված մշակույթի յուրահատուկ տունը։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։ 

Նշվում է, որ հենց նախարարության նախաձեռնությամբ էլ ստեղծվել է շենքի վերականգնման նախագիծը։ 

Մառնիի մշակույթի տան շենքին 2016 թվականից տրվել է մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ։ Վարկածներից մեկի համաձայն՝ այն կառուցվել է իտալացի ճարտարապետների կողմից 19-20-րդ դարերի վերջին։ 

Նշենք, որ Մառնիի մշակույթի տան վերականգնման նախագծի ստեղծման համար նախարարությունը ծախսել է 133 հազար 331 լարի (մոտ 44 հազար դոլար): 

Այժմ Մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալությունը շենքի վերակառուցման համար 1 մլն 248 հազար 365 լարիի (մոտ 416 հազար դոլար) արժողությամբ մրցույթ է հայտարարել։ 

Նշվում է, որ վերականգնման առաջին փուլը ներառում է քանդման և մաքրման (տանիքի, հատակի, միջնապատերի և այլն), ինչպես նաև շենքի հիմքի ամրացման, երկաթբետոնե, կրող պատերի ամրացման աշխատանքներ, տանիքի տեղադրում և նորոգում, կոմունալ ցանցերի կազմակերպում, ներքին հարդարման աշխատանքներ։ 

Ըստ տեղեկության՝ վերականգնման արդյունքում ամբողջությամբ կպահպանվի և կվերականգնվի շենքի պատմական տեսքը։ 

«Վերականգնումից հետո շենքը կդառնա ժամանակակից մակարդակի բազմամշակութային կենտրոն և կհյուրընկալի բազմաթիվ հետաքրքիր և կարևոր մշակութային միջոցառումներ»,- նշել են նախարարությունից։