Վրաստանի օրենսդիր մարմինը 88 ձայնով աջակցել է խորհրդարանի ներկայացրած «Սննդի, դեղորայքի և վառելիքի գնագոյացման կառուցվածքն ուսումնասիրելու համար ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին» նախագծին։
Նախագիծը խորհրդարանական նիստում ներկայացրել է «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Իրակլի Կիրցխալիան։
Օրենսդիր մարմնի տարածած հաղորդագրության համաձայն՝ ժամանակավոր հանձնաժողովի նպատակը սննդի, դեղորայքի և վառելիքի գնագոյացման մեխանիզմների թափանցիկ և օբյեկտիվ ուսումնասիրությունն է։ Հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում կմշակի համապատասխան եզրակացություն և առաջարկություններ։
Ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունների ժամկետը կորոշվի երեք ամսով, իսկ դրա անդամների թիվը և խմբակցությունների ու քաղաքական խմբերի քվոտաները կհաստատվեն ընթացակարգային հարցերի հանձնաժողովի նիստում։
Իրակլի Կիրցխալիայի խոսքով՝ հանձնաժողովի աշխատանքը կլինի հրապարակային, և հանրությունը հնարավորություն կունենա ուղիղ եթերում հետևելու քննարկումներին։
«Մենք կքննարկենք խնդրի լուծման ուղիները միայն բիզնեսի հետ համատեղ և նրանց մասնակցությամբ։ Վստահ եմ, որ միասին կգտնենք ուղիներ և կլուծենք այս խնդիրը», — ասել է Կիրցխալիան։
Ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովն իր աշխատանքը կսկսի փետրվարի 5-ին։