Խորհրդարանի խոսնակը՝ ՌԴ քաղաքացիների և նրանց բիզնեսի գրանցման մասին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, պատասխանելով լրատվամիջոցների այն հարցին, թե «հնարավոր է արդյոք միջազգային պատժամիջոցները մեծացնեն Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների բիզնեսի գրանցման հաճախականությունը», պատասխանել է, որ նման իրավիճակ չի սպասվում։ 

Ըստ Պապուաշվիլիի՝ այս ամենն ընդամենը այլատյացություն առաջացնող հայտարարություններ են, որոնք տարածվում են սոցիալական ցանցերում, հետո նաև լրատվամիջոցներում։ 

«Մենք լսել ենք և՛ բանավոր, և՛ ֆիզիկական բռնության կոչեր ռուսաստանցիներին ուղղված, և ցավալի է, որ որոշ կազմակերպություններ կամ ընդհանրապես չեն արձագանքել, կամ նպաստել են այլատյացությանը»,- ասել է Պապուաշվիլին։ 

Պապուաշվիլիի խոսքով՝ ներքին գործերի նախարարից լսել են, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներից Վրաստան մուտք գործել ցանկացողների թվի կտրուկ աճ չկա. 

«Հասկանալի է, որ, իհարկե, Ռուսաստանից քաղաքացիների ներհոսք կլինի, երկիրը պատերազմական վիճակում է և ագրեսիվ պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ, և իհարկե կլինեն երկրից դուրս եկած քաղաքացիներ և, հավանաբար, որոշ քաղաքացիներ կգան մեզ մոտ»։