Խորհրդարանն առանց մրցույթի 300 հազար լարիով 4 մեքենա կգնի

Վրաստանի խորհրդարանը նախատեսում է առանց մրցույթի գնել երկու «Տոյոտա Քեմրի» (արժեքը՝ 58 500 ԱՄՆ դոլարին համարժեք վրացական լարի) և երկու «Շկոդա Օքտավիա» (արժեքը՝ 37 400 եվրո համարժեք վրացական լարի):

Խորհրդարանի աշխատակազմն այս գնումը պայմանավորել է Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի հետ։ Նշվում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 7-10-ը Վրաստանում նշանակված նստաշրջանի շրջանակներում լայնածավալ միջոցառումներ կանցկացվեն տարբեր վայրերում և շուրջ 250 հյուրերին սպասարկելու համար խորհրդարանը մեքենաների բավական ռեսուրս չունի:

Վերոնշյալի մասին ասվում է խորհրդարանի կողմից Գնումների գործակալությանն ուղարկված նամակում, որով խորհրդարանը գործակալությանն է դիմում պարզեցված գնումների հաստատման համար:

Նույն նամակում ասվում է, որ «Խորհրդարանի հաշվեկշռում գրանցված 4 ավտոմեքենաները չեն օգտագործվում, դրանց շահագործումը կապված է մեծ ծախսերի հետ»: