Խոժոռնի գյուղում երկու փողոց կվերականգնվի

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի Խոժոռնի գյուղում երկու փողոց կվերականգնվի: Այդ մասին տեղեկանում ենք Վրաստանի պետական գնումների գործակալության կայքում հունվարի 11-ին հայտարարված մրցույթային փաստաթղթից:

Մառնեուլիի քաղաքապետարանը միաժամանակ մրցույթ է հայտարարել նաև Սադախլո գյուղի 6 ներքին ճանապարհների վերականգնման համար: Ըստ փաստաթղթի՝ Խոժոռնիի 2 փողոցների և Սադախլոյի 6 ներքին ճանապարհների համար Մառնեուլիի քաղաքապետարանը կծախսի ընդհանուր առմամբ 837 հազար 872 լարի:

Մրցույթային փաստաթղթից պարզ է դառնում, որ վերոնշյալ գումարի 95 տոկոսը ֆինանսավորվում է պետական բյուջեից, իսկ 5 տոկոսը՝ տեղական ինքնակառավարման միջոցներից:

Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները հայտերը կարող են ներկայացնել փետրվարի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում։ Հաղթող ճանաչված ընկերությունը պարտավոր է աշխատանքները կատարել պայմանագիրը կնքելուց հետո՝ 120 օրացուցային օրվա ընթացքում։

«Կատարված աշխատանքի որակի երաշխիքային ժամկետը վերջնական ընդունման-հանձնման ակտի ստորագրումից հետո 3 տարի է։ Երաշխիքային ժամանակահատվածում շահագործման ընթացքում որևէ բողոք, թերություն հայտնաբերելու դեպքում մատակարարը պարտավոր է իր միջոցներով շտկել թերությունը՝ գնորդի սահմանած ողջամիտ ժամկետում»,- նշված է մրցույթային փաստաթղթում:

Աղքյորփիում ներքին ճանապարհներ կվերականգնվեն