Եկեղեցու դռները չեն փակվի. Իլյա 2-ը հատուկ հայտարարություն է տարածել

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդը արտակարգ հայտարարություն է տարածել:  Երկրի հոգևոր առաջնորդն ասում է՝ տաճարի դռները փակել հնարավոր չէ, ու այն բաց կլինի եկեղեցի գալ ցանկացող յուրաքանչյուր մարդու համար:

«Ստեղծված իրավիճակից ելնելով՝ իմ հոգևոր զավակներին խնդրում եմ ընդունել հետևյալ խորհուրդները.
-մարդկանց հետ շփվելիս՝ այդ թվում եկեղեցու ներսում ու բակում, պահպանել ընդունված հեռավորությունը,

-Հոգևոր կարգի կատարման պահին թող եկեղեցիներում մնան միայն հոգևոր սպասավորներն ու երգչախումբը, իսկ մեծ տաճարներում՝ սահմանափակ քանակությամբ մարդիկ լինեն

-Այցելուներին հորդորում ենք մնալ դրսում ու բացօթյա տարածքներում հետևել կարգին

-Հոգևորականներին հավելյալ խորհուրդներ կտրվեն՝ ելնելով ստեղծված իրավիճակից», — ասված է պատրիարքի տարածած հայտարարությունում:

Հիշեցնենք՝ առաջիկա 2 շաբաթն ամենակարևորն են ուղղափառ եկեղեցում. ապրիլի 7-ին  ավետման տոնն է, ապրիլի 12-ին՝ Ծաղկազարդը, 17-ին՝ Կարմիր ուրբաթը, և ապրիլի 19-ին՝ Զատիկը: Բոլոր այս տոները Վրաստանում մշտապես բազմամարդ հավաքներով են հայտնի, հատկապես Զատիկն ու հաջորդող մեռելոցը, երբ մարդիկ ընտանիքներով այցելում են հարազատների շիրիմներին:

Ներկայումս հայտնի չէ՝ Ոստիկանության գործողություններն ինչպիսին են լինելու: ՆԳՆ-ից ասում են՝ մինչ այդ դեռ 2 շաբաթ ժամանակ կա, ու կոնկրետ որոշումներ դեռևս չեն կայացվել:

Հատկանշական է, որ համաճարակաբանների մտավախությունները, թե հիվանդության պիկ է սկսվելու ապրիլի կեսերից, համընկնում է Զատկական տոների հետ: Մասնագետներն ասում են՝ վիրուսն ամբողջովին վերահսկել արդեն չի հաջողվում. երկու վարակակրի վարակման աղբյուրը պարզել չեն կարողացել: