«Ռուսական օրենքի» վերաբերյալ ԵՄ պատվիրակությունը մտահոգություն է հայտնել կառավարությանը

Եվրամիության քաղաքական և անվտանգության կոմիտեի (PSC) պատվիրակությունը Վրաստանի իշխանություններին հայտնել է իր մտահոգությունները վերջին մի քանի նախաձեռնությունների վերաբերյալ, այդ թվում՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի, և հիշեցրել է Եվրոպական միության բարձր ներկայացուցչի մամուլի խոսնակի 2024 թվականի ապրիլի 4-ի հայտարարությունը:

Վրաստան կատարած այցի կապակցությամբ PSC-ի տարածած մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ Եվրամիությունն ընդգծել է իր հիմնադիր պայմանագրում պաշտպանված սեփական արժեքները։

Կոմիտեի անդամները նշել են, որ Եվրամիությանն անդամակցելը արժեքների վրա հիմնված գործընթաց է, և կոչ են արել Վրաստանի իշխանություններին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ նպատակին հասնելու համար։

«Այս համատեքստում Եվրահանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 8-ի առաջարկությունները՝ ինը քայլերի տեսքով, հստակ ուղեցույց են։ Անհրաժեշտ բարեփոխումներն ու առաջընթացը պետք է իրականացվեն անհապաղ՝ ողջ հասարակության մասնակցությամբ, կառավարության, բոլոր քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներգրավմամբ։ Ժամանակը սպառվում է, և այժմ պետք է իրականացնել ինը քայլերը և խուսափել ցանկացած որոշումից, որը խոչընդոտ կստեղծի դեպի Եվրամիություն ճանապարհին»,- ասված է մամուլի հաղորդագրությունում։

Հանձնաժողովի անդամները կոչ են անում վրացական իշխանություններին օգտվել առկա հնարավորությունից՝ հաշվի առնելով 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Այս համատեքստում Եվրամիությունը ողջունում է Վրաստանի կառավարության որոշումը՝ հրավիրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներին։ Եվրամիությունը նշում է ազատ և արդար ընտրությունների անհրաժեշտությունը և ընդգծում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի կողմից «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների վերաբերյալ մնացած բոլոր առաջարկությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը:

Ապրիլի 10-11-ը աշխատանքային այցով Վրաստանում են գտնվում Եվրամիության քաղաքական և անվտանգության կոմիտեի անդամները։ Պատվիրակության անդամները կայցելեն նաև ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելություն (EUMM Georgia) և վարչական սահմանագիծ։

Ըստ ԵՄ-ի՝ պատվիրակության ժամանումը Վրաստան` ավելի մեծ այցի մի բաղադրիչն է, որը ներառում է հանդիպումներ Հայաստանում (ապրիլի 8-9) և Ադրբեջանում (ապրիլի 11-12) և նպատակ ունի ամրապնդելու երկխոսությունը գործընկերների հետ ԵՄ-ի համար կարևոր տարածաշրջանում: