Երբ լեզվամտածողության մեջ աղջիկ երեխան բացակայում է․ Ջավախքում դեռ սպասում են մանչի ծնվելուն

Շատերս գիտենք, որ բարբառային բառերն ու դրսևորումները երբեմն առիթ են դառնում թյուրըմբռնման, և թյուրիմացության մեջ են գցում մեզ:

Ջավախահայ երիտասարդներով ֆեյսբուքյան աշխատանքային զրուցարան, այսպես ասած «չաթ» ունենք, որտեղ հաճախ ենք քննարկում ամենատարբեր հարցեր: Զրուցարանում կան նաև Երևանում մեծացած մարդիկ, որոնք ասենք գոնե Ջավախքի բարբառից առանձնապես շատ բան չեն հասկանում: Ուրեմն մի օր զրուցարանի  անդամներից Արթուրը գրեց, «Բարև տղաներ», մեր Էլիզան էլ, ներքևում հավելեց՝ «Նաև աղջիկներ»…:

Ենթադրում եմ, որ դուք էլ դեռ բան չեք հասկանում: Իսկ մենք սկզբում ծիծաղեցինք, հետո մեր շատ սիրելի Էլիզային պատմեցինք մի «գաղտնիք», այն մասին, որ Ջավախքում երեխա, երեխաներ բառերը փոխարինվում են տղա, տղեք, տղաներ բառերով:

Բացատրությունը կամ տրամաբանությունը չգիտեմ, չեմ հասկանում, բայց իմ շատ սյուբեկտիվ ենթադրությամբ ու կարծիքով սա ուղղակիորեն կապված է այն փաստի հետ, որ առհասարակ հայերը և մասնավորապես ջավախահայերը մեծ տեղ են տալիս տղա երեխային: Ասեմ ավելին, որ նույնիսկ այսօր տղա ունենալու մոլուցքը մեր տարածաշրջանում շատ արդիական է: Ցավոք, հակառակ սեռի՝ աղջկա ծնվելու նույնքան խանդավառությամբ չեն սպասում, երբեմն անգամ չեն էլ սպասում, երբեմն էլ ընտանիքներում վեճեր ու տարաձայնություններ են առաջանում, քանզի կինը պատրաստվում է ոչ թե տղա, այլ աղջիկ լույս աշխարհ բերել…

Ու թեև ժամանակները փոխվել են, իմ ու էլի շատ ու շատ աղջիկների ծնվելուց քառորդ դար է անցել, սակայն այսօր էլ աղջիկները, որոնց ծնվելուն չեն սպասում, իրենց ծնվելով շարունակում են «նեղություն» ու «անհարմարություններ» պատճառել ծնողներին, միայն նրա համար, որ ԱՂՋԻԿ են ծնվել: Ինչևէ, խնդիրն այսօր էլ է արդիական մեր տարածաշրջանում, ու այսօր էլ քիչ չեն դեպքերը երբ տղամարդիկ (դժվարանում եմ նրանց տղամարդ անվանել) իրենց կանանց սպառնում են, որ երկրորդ աղջիկն ունենալու դեպքում նրան հորանց տուն կուղարկեն, կամ կգնան Ռուսաստան ու այլևս չեն վերառանա…

Սա անհեթհեթ սպառնալիքներից միայն մի քանիս է: Հիմա պատկերացրեք, թե ի՞նչ է զգում, էլ ավելի զգայուն ու հուզական կինը, երբ գռեհիկ ու տգետ ամուսինը այսպիսի սպառնալիքներով փորձում է «փաղաքշել», միայն նրա համար, որ կինը պատրաստվում է իր համար երեխա լույս աշխարհ բերել, հայր լինելու կոչմանն արժանացնել, երջանկացնել…

Դեպքեր էլ կան, որ երրորդ երեխային սպասելիս հստակ որոշել են, որ տղա է լինելու, ու երբ իրենց սպասելիքները չի արդարանում՝ երեխան այդպես էլ չի ծնվում… Հարցիս, թե ինչու՞, ծանոթներիցս մեկը պատասխանեց, դե որովհետև չէինք կարող պահել, երեք երեխա պահելը հեշտ չէ:

Իսկ եթե տղա լիներ, կկարողանայի՞ք պահել հարցիս էլ, առանց խղճի խայթի այո են պատասխանում:

Եթե քառորդ դար առաջ երկրորդ, երրորդ կամ չորրորդ աղջիկը ծնվում էր միայն նրա համար, որ դեռ շաաաատ սպասված տղան չի ծնվել, ապա հիմա այսօրինակ ծնողների գործը հեշտացրել են հղիության ուլտրաձայնային հետազոտությամբ: Պարզում են սեռը, իրենց սպասելիքները չի արդարանում, հոգ չէ, անմիջապես հեռացնում են երբեմն նույնիսկ արդեն ձևավորված սաղմը: Ու բոլոր չծնված աղջիկների անունից ուզում եմ ասել.

–Մեր չծնվելով, աշխարհում ինչ որ բան պակաս կմնա…

Իրենց չծնվելով աշխարհում կպակասի սերն ու բարությունը, ծիծաղն ու ժպիտը, հոգատարությունն ու երջանկությունը… Եվ հետո, ինչպես կարելի է խլել նրանց կյանքը, ովքեր ծնվում են կյանք տալու առաքելությամբ:

Հ.Գ. Քանի՞ երեխա ունես հարցի պատասխանն էլ է հաճախ շփոթություն առաջացնում, քանզի ջավախքցիները պատասխանում են, ասենք, օրինակ չորս տղա, ու մի քանի րոպե չանցած ավելացնում՝ երեք աղջիկ ու մե մանչմ։

Տղա, աղջիկ թե մանչ էական չէ, կարևորը ազնիվ, շիտակ, բարի ու ճիշտ մարդ դաստիարակելն է:

Հեղինակ՝ Հերմինե Կարապետյան (ջավախքցի, Հայաստանի հանրային ռադիոյի «Բլից արտ» հաղորդաշարի լրագրող, հաղորդավար)

«Ալիք մեդիայի» «ընթերցողից» շարքում հրապարակվում են մեր ընթերցողների խոհերը։ Սյունակում տեղ գտած մտքերը չեն խմբագրվում և կարող են չհամընկնել Ալիքի տեսակետների հետ։