Երեկվա օրը համառոտ. ապրիլի 25

Վրաստանի խորհրդարանի դիմաց ապրիլի 25-ին ընդդեմ «ռուսական օրենքի» անցկացված բողոքի ակցիային հաջորդել է երթ դեպի արտաքին գործերի նախարարության շենք։

Ապրիլի 25-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը 2200 լարիի չափով տուգանել է «գործակալների մասին օրենքի» դեմ՝ «Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին» ակցիաների մասնակից, 18-ամյա աշակերտ Սանդրո Ջոխաձեին։

Եվրախորհրդարանը որոշում է ընդունել Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագծի» վերաբերյալ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հունգարիայում «Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում» (CPAC) հոմոֆոբ հայտարարություններով է հանդես եկել և ասել, որ «այսպես կոչված՝ լիբերալները վտանգի տակ են դնում երկրների և ազգերի ինքնությունն ամբողջ աշխարհում», այդ թվում՝ Վրաստանում։

Քաղաքից քաղաք շրջելով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը փորձում է համոզել մարդկանց, թե Վրաստանը մեծ վտանգի տակ է, և առանց սահմանադրական փոփոխությունների` երկրում կարող են անհետանալ սեռ, կին ու տղամարդ, մայր ու հայր հասկացությունները և վերջապես՝ վրացական ինքնությունը։

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Վրաստանին 46 մլն եվրո կհատկացնի առողջապահության ոլորտի զարգացման համար:

2024 թվականի առաջին երեք ամիսների՝ հունվար, փետրվար, մարտի տվյալներով, Վրաստանում որպես ապաստան հայցող գրանցված է 379 մարդ:

Թբիլիսիում և Վրաստանի որոշ շրջաններում օդում պինդ մասնիկների պարունակության աճ է գրանցվել: