Երեկվա օրը համառոտ. մարտի 2

Մարտի 2-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 616 159-ի: Մեկ օրում արձանագրվել է 3 840 նոր դեպք: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 517 856։

Վրաստանն այսօր կդիմի Եվրամիությանը՝ անդամակցության համար։ Պաշտոնական Թբիլիսին այդ հարցով պետք է դիմեր 2024-ին, սակայն, այսօր ելնելով ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից, դիմում է արագացված կարգով անդամակցության համար։

Ըստ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի՝ Վրաստանն այսօր պատրաստ է դառնալ Եվրամիության անդամ։ Ըստ նրա՝ Վրաստանն ամեն ինչ արել է, որ դառնա ԵՄ-ի անդամ։ Կալաձեի կարծիքով՝ ձեռքբերում է, որ այսօր Վրաստանի քաղաքացիները կարող են վրացական անձնագրերով առանց վիզայի ճանապարհորդել։

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին ասել է․  «Ուզում եմ հանրությանը հավաստիացնել, որ մենք, համաձայնեցնելով մեր գործընկերների հետ, անպայման կդիմենք հետևողական և համարձակ քայլերի։ Վրաստանը կլինի այնտեղ, որը պատմականորեն իր տեղն է։ Մեր հասարակությունը դա կտեսնի շատ շուտով»։

Զալկալիանիի խոսքով, Վրաստանի վարչապետը, ինչպես նաև ԱԳՆ-ն ակտիվ շփումների մեջ են եվրոպացի գործընկերների հետ՝ Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման հեռանկարի շուրջ։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քննադատել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունը, ըստ որի Ուկրաինային աջակցելու քայլերից մեկն էլ Օրբելիանիի պալատում Ուկրաինայի պետական ​​դրոշի ցուցադրումն է։

«Վրաստանի աջակցությունն Ուկրաինային» խորագրի ներքո Վրաստանի ԱԳՆ-ն հրապարակել է Ուկրաինային աջակցելու համար կառավարության ձեռնարկած քայլերի ցանկը։

Ուկրաինայում ռուսական ագրեսիայի ֆոնին Վրաստանը Եվրամիությանը արագ անդամակցելու մասին ազդանշաններ է ստանում, հայտարարել է  խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն՝ ընդգծելով, որ օրենսդիրում ներկայացված բանաձևը հենց այս ազդանշանների պատասխանն է։

Վրաստանի ընդդիմադիր «Հանրապետական» ​​կուսակցության նախագահ Խաթունա Սամնիձեի կարծիքով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից գրանցված ԵՄ ինտեգրման մասին բանաձևը պետք է արագացված ընթացակարգով քննարկվի խորհրդարանում։ Ինչպես Սամնիձեն է ասել, այն փաստը, որ խորհրդարանը չի արագացնում բանաձևի վերանայման ընթացակարգերը, հարցեր է առաջացնում։

Ընդդիմադիր «Լելոն Վրաստանի համար» կուսակցության քաղաքական քարտուղար Սալոմե Սամադաշվիլիի կարծիքով էլ ԵՄ-ին ինտեգրվելու վերաբերյալ «Վրացական երազանքի» գրանցած բանաձևը բավարար չէ։ Ըստ Սամադաշվիլիի՝ «Վրացական երազանքը» բանաձևը գրանցել է Ուկրաինայի շուրջ ճգնաժամից հետո՝ առանց ընդդիմության հետ խորհրդակցելու։

«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան խոսել է Վրաստանի և Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի վարած քաղաքականության մասին։ Վրաստանի նախկին վարչապետը երկու դեպքում էլ մեղադրել է Ռուսաստանի Դաշնությանը։ Գախարիան նշել է, որ տարբերությունը այն էր, որ «Միացյալ ազգային շարժումը» չկարողացավ աշխարհին համոզել, որ իրենք չեն հրահրել պատերազմը, իսկ Զելենսկին կարողացավ։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) երեկ հրապարակել է 2022 թվականի փետրվարի գնաճի հաշվետվությունը։ Հաշվետվության համաձայն՝ փետրվարին տարեկան գնաճը կազմել է 13,7 տոկոս։ Սպառողական գրեթե բոլոր ապրանքները թանկացել են՝ սկսած սննդամթերքից, վերջացրած տրանսպորտով։ Սակայն, ըստ Geostat-ի տվյալների, միակ սպառողական խումբը, որտեղ նախորդ տարվա համեմատ գները նվազել են, հագուստն է, որտեղ գները նվազել են 1,6%-ով։

Ըստ Geostat-ի տվյալների՝ Վրաստանում գրանցված են ավելի քան 7 000 ընկերություններ, դրանք ամբողջությամբ կամ մասնակի պատկանում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին կամ ընկերություններին։ Հատկանշական է, որ ռուսական ընկերությունների մեծ մասը Վրաստանում գրանցվել է 2013-2020 թվականներին։ Ավելին՝ այստեղ։

«Լելոն» կոչ է արել բնակչությանը ներգրավվել ուկրաինացի ժողովրդին օգնելու մարդասիրական ակցիաներում։ Ընդդիմադիր կուսակցության անդամներն այսօրվա ճեպազրույցում հայտարարել են, որ Ուկրաինայի բնակչությանը կարող են օգնել դեղամիջոցներով, սննդով և կենցաղային անհրաժեշտ պարագաներով։

Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 1-ից սոցիալապես անապահով քաղաքացիների աշխատանքի տեղավորման ծրագրի շրջանակներում հայտարարվել է 14 382 թափուր աշխատատեղ։