Երեկվա օրը համառոտ. մարտի 31

Մարտի 31-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 648 264-ի: Մեկ օրում արձանագրվել է 450 նոր դեպք: Դրականության օրական ցուցանիշը կազմում է 1.9 տոկոս:

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) տվյալներով՝ մարտի 31-ի դրությամբ ընդհանուր առմամբ իրականացվել է 2 859 230 պատվաստում։ Մարտի 30-ին իրականացվել է 1 804 պատվաստում, ավելին՝ այստեղ:

Վրաստանում բուռն քննարկման առիթ է դարձել Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում նախատեսվող հանրաքվեն, որով դե ֆակտո իշխանությունները պատրաստվում են միանալ Ռւոսաստանի Դաշնությանը: Մանրմասն՝ այստեղ:

Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան մեկնաբանել է օկուպացված Ցխինվալիի շրջանի ղեկավար Անատոլի Բիբիլովի հայտարարությունը, թե Հարավային Օսիան օրինական քայլեր է ձեռնարկում Ռուսաստանի հետ միավորվելու համար։ Օկուպացված Աբխազիայի ղեկավարը հայտարարել է, որ Աբխազիան չի պատրաստվում միանալ Ռուսաստանին։

«Մենք ողջունում ենք Հարավային Օսիայի ժողովրդի ձգտումը՝ միանալ Հյուսիսային Օսիային Ռուսաստանի Դաշնության կազմում։ Մենք համոզված ենք, որ այդ քայլը լիովին բխում է Հարավային Օսիայի շահերից»,- ասել է Բժանիան։

Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետությունում ընթանում են զորավարժություններ։ Լրատվամիջոցների համաձայն՝ Վրաստանի սահմանակից գյուղերում ևս հնչում են կրակոցների և պայթյունների ձայներ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Յեպպե Կոֆոդի հետ: Հանդիպմանը քննարկվել են վրաց-դանիական երկկողմ հարաբերությունների կարևոր հարցեր։ Զրույցի ընթացքում քննարկվել են Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում անվտանգության իրավիճակը և Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների ազդեցությունը։

Դանիայի արտաքին գործերի նախարար Յեպե Կոֆոդին Վրաստանի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Դավիթ Զալկալիանիի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է, որ «Վրացական տարածքների օկուպացիայի ֆոնին բոլորովին անընդունելի է խոսել որևէ հանրաքվեի մասին»։ 

Երեկ աշխատանքային այցով Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Էլյան Տիլին և Սենատի նախագահ Ստեֆանի Դհոյին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 30-ին հայտարարել է, որ ստորագրել է Մարոկկոյում և Վրաստանում դեսպաններին հետ կանչելու հրամանագիրը։

Ուղևորահոսքի ավելացմամբ պայմանավորված` «Վրացական երկաթուղին» ապրիլի 1-ին, 2-ին և 3-ին լրացուցիչ ուղերթներ կիրականացնի դեպի Բաթումի։

Ըստ Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության՝ ավստրիական նավթի և գազի OMW Petrom ընկերությունը Վրաստանում կիրականացնի ուսումնասիրություններ՝ բնական գազ և նավթ արդյունահանելու նպատակով։ 

Վրաստանի Ազգային բանկը հրապարակել է արտաքին պարտքի թարմացված վիճակագրությունը, որի համաձայն՝ Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքը՝ ներառյալ պետական ​​և մասնավոր պարտքը, կազմում է 21,8 մլրդ դոլար, ինչը 2021 թվականի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 117 տոկոսն է։ 

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական տվյալներով՝ 2022 թվականի փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 14,6 տոկոս, իսկ հունվար-փետրվարին միջին ցուցանիշը կազմել է 16,3 տոկոս: 

Սամցխե-Ջավախեթիի շրջանի Նինոծմինդայի քաղաքի մշակութային կենտրոնի հարակից տարածքում կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվել է ավանդական «Ձյունե քանդակներ» մրցույթը։ Մրցույթին մասնակցել են Նինոծմինդայի թիվ 1 և թիվ 3, Մեծ և Փոքր Խանչալիի և Գանձայի թիվ 2 հանրային դպրոցների աշակերտները՝ իրենց ուսուցիչների հետ։

Վրաստանի ազգային արժույթը դոլարի նկատմամբ կայունացել է։ Պաշտոնական տվյալներով՝ մեկ դոլարը կարելի է գնել 3,11 լարիով։ Վաճառքի դեպքում մեկ դոլարի արժեքը կազմում է 3,09 լարի։

Եվ վերջում՝ Վրաստանում ցրտաշունչ մարտ ամսին հաջորդում է տաք ու արևոտ ապրիլը։ Մինչև ապրիլի 3-ը երկրում կնկատվի ջերմաստիճանի բարձրացում և կպահպանվի առանց տեղումների եղանակ։ Ուժեղ քամին ապրիլի առաջին օրերին կհանդարտվի։