Ի՞նչ կփոխեի իմ համայնքում. Թբիլիսի

Ինչքա՜ն պարադոքս կա փառահեղ հնարավորություն ունենալու մեջ։ Մարդիկ, ովքեր ունեն այդ հնարավորությունը՝ բարելավելու, ստեղծելու և վերջապես լավ հիշատակմամբ պատմություն մտնելու, քամահրում են այն։

Ես բնակվում եմ Թբիլիսիում, քաղաք, որը կարող էր շատ ավելի լավը լիներ, սակայն այսօրվա դրությամբ այն անընդհատ հետ է «գնում» դեպի հնություն։ Ավելի մանրամասն հասկանալու համար հիմնախնդիրները` պետք է խորանալ հեռավոր անցյալի մեջ։ Ե՞րբ էր Վրաստանը առաջատար պետություն։ Հիշենք Թամարի ժամանակը։ Նա թերևս 12-րդ դարում գիտեր, որ երկիրը շենացնում են մտավորականները։ Նա նպաստեց գրչության զարգացմանը և վրացական գրականության ամենահանճարեղ ստեղծագործություններից մեկը «Ընձենավորը» գրվեց Թամարի օրոք։ Նրա օրոք զարգացրեցին և կատարելագործեցին վրաց լեզուն։

ԵՎ ահա եկանք մեր օրեր։ Երկիր, որտեղ ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլև գրեթե բոլոր բնագավառներում խնդիր կա։

Դե ինչ, խոսենք այն ամենի մասին, ինչը բարելավման կարիք ունի, իմ կարծիքով։

Երկրի բարելավման ճանապարհին կտրուկ փոփոխություններն անխուսափելի են ու ամեն բնագավառում էլ դրանց կարիքը կա։

Առաջինը կլինի խորհրդարան ընտրվելու և ընդհանուր առմամբ այդ ինստիտուտի փոփոխությունը։ Ըստ իս՝ խորհրդարանը երկրի ողնաշարն է ու երկրի կայունության համար այն պետք է ունենա ամուր հիմք։ Խորհրդարան ընտրվելու շանս միայն համապատասխան կրթություն ունեցող անձը պետք է ունենա, նա ով հասկանում է երկրի ուժեղ ու թույլ կողմերը, ունի նախագիծ այդ թույլ կողմերը շտկելու, պատկերացում ունի ժողովրդի, նրանց խնդիրների մասին։ Եթե խորհրդարանում հավաքել մտավորական, կրեատիվ, ազնիվ, ժողովրդի կարիքները հոգացող մարդկանցով, որոշ ժամանակ անց անզեն աչքով էլ տեսանելի կլինեն փոփոխությունները, եթե իհարկե ամեն ինչ թափանցիկ լինի ու ներկայացվի ժողովրդին։ Ցանկացած սիստեմի ամենամեծ խնդիրն է կոռուպցիան, մենք երբեք չգիտենք թե ի՞նչ է կատարվում «փակ դռների» ետևում, ո՞վ, ու՞մ, ինչպե՞ս է շողոքորթում, հետևաբար այս խնդրի լուծումը բավականին բարդ է։ Կոնկրետ կաշառքի գինը հայտնի չէ՝ առնվազն 3մլրդ դոլլար և դա ուղղակի կամ անուղղակի ձևով ազդում է մեր և մեր շրջապատի վրա։ Նախ այն խարխլում է ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, մե՛ր իրավունքները։ Շատ բնագավառներին՝ այդ թվում առողջապահությանը, կրթությանը, մշակույթին, պաշտպանությանը հատկացվող գումարը «կորչում է» և նշանակետին չի հասնում։

Անմիջականորեն բնակչությունը կարող է իր ավանդը մուծել՝ հայտնելով կաշառքի դեպքերի մասին համապատասխան օրգաններին (չի բացառվում,որ նրանք նույնպես լինեն կաշառված), զանգվածային ինֆորմացիայի միջոցներին (սա ավելի աշխատող է)։ Սա իհարկե շատ քիչ է երկիրը կոռուպցիայից ազատելու համար,սակայն կարող է ոգեշնչել ուրիշներին նույնպես հայտնել։ Նման խնդրի դեմ պայքարը և հաջողությամբ հաղթելը պետք է կառավարության և բնակչության միասնական արժանիքը լինի։ Վրաստանի դեպքում հարկավոր է մասշտաբային հեղափոխություն և կաշառքին սովոր սիստեմի արմատահանում։ Արդյունավետ են տուգանքները, որոնց միջոցով մոտ 30 տարում Սինգապուրը «ճահճից» վերածվեց դրախտի և այժմ Ասիայի և ամբողջ աշխարհի ամենազարգացած պետություններից է։ Դրան միջնորդեցին տուգանքները, անգամ ամեն մանրուքի համար սկսեցին տուգանք նշանակել։ Դա բավականին անգութ միջոց է, սակայն արդյունավետ է։ Այս առումով օրինակելի են որոշ եվրոպական երկրներ (որոնց շարքում այդքան վհատված ուզում է լինել Վրաստանը) այդ թվում՝ Շվեցարիան, Նորվեգիան, Շվեդիան և Լյուքսեմբուրգը։ Պետք է հստակ իմանալ, որ կոռուպցիա կա ամենուրեք ու արմատահանել այն ամբողջովին անհնար է, սակայն կարելի է դրա տոկոսը հասցնել մինիմումի։

Վրաստանի մեծագույն խնդիրն այն է, որ կառավարությունը միայն իր օգտին է որոշումներ ընդունում (ոչ մի ատելություն, պարզապես փաստեր)։

Երկրի մեծ մասն աղքատության մեջ է, սովի է մատնված, չունի աշխատանք (բազմոցային քննադատների մասին չէ խոսքը, այլ աշխատասեր մարդկանց,ովքեր գործազուրկ են մնացել,ինչ-ինչ հանգամանքների պատճառով), չունի ամենամինիմալ ապրուստի հնարավորություն ու պարագաներ, չունի դեղամիջոցներ, բուժման միջոց։ Վերջին տարիներին ավելացել է մուրացկանությունը, որն ակտիվորեն ծավալվում է մետրոներում, փողոցներում։ Հաշվի առնելով այն փաստը, որ աշխատանքի վայրերը կրճատվել են, չունևոր մարդկանց քանակը դեռ կավելանա։ Վերջերս շատ մարդիկ գործազուրկ մնացին, քանի որ շատ աշխատողների կարիքն այլևս չկար։ Որոշ թանգարանային տարածքներ քանդվելու ենթակա են, երևի այն պատճառով, որ նրանք այդքան էլ եկամտաբեր չեն․․․

Այսպիսով հաջորդ բարեփոխումը աշխատանքի շատ տեղերի ապահովումն է։

Բնակչության մեծ մասն իր գոյությունը պահում է փողոցային առևտրով։ Դա ոչ լեգալ է ու հարկերից դուրս, այդ պատճառով էլ վերջերս կտրուկ դրվեց նրանց հարցը։ Սակայն մարդկային տեսակետից էլ ավելի կտրուկ է դրված հարցը՝ ինչպե՞ս ապրեն այդ վաճառականները։

Փողոցում վաճառողների մեծ մասը իրենց տան եկամտի հիմնական աղբյուրն են։ Նրանք աշխատանքի վայրեր են ստեղծում, ոչ միայն իրենց այլև ուրիշների համար՝ բեռնակիրների, մատակարարների և այլոց համար։ Նրանք նաև կարող են քաղաքին եկամուտ բերել, եթե աշխատեն լիցենզիաների միջոցով։ Ինձ թվում է, որ կարելի է վաճառականներին տարածք տրամադրել, բոլոր պարագաներով ու նշանակել փոքր հարկ։

Այս տարվա ամենամեծ խնդիրն է ամեն ինչի կտրուկ թանկացումը։

Երբ կա ցանկություն եվրոպական «ապրելաձև» մտցնել երկրում կարևոր է, որ ապրուստի մակարդակը թույլ տա դա։

Հաջորդ բարեփոխումը կլիներ բալանսավորել կյանքը, կրճատել թանկացումներն ու նպաստել երկրի զարգացմանն ու լավ ապրուստին։ Վրաստանն ունի մեծ պոտենցիալ ի դեմս կրթվել ցանկացող երիտասարդության։ Բայց արդյո՞ք նրանք կմնան այստեղ։

Դպրոցական համակարգն ամբողջովին փոխվելու կարիք ունի, սկսած վատ մշակված ծրագրից, որը գրեթե նոր բան չի սովորեցնում։ Իմ կարծիքով՝ ինֆորմացիան փոխանցելու ձևերը պետք է փոխվեն։ Բայց ունի՞ արդյոք ցածր վարձատրվող ուսուցիչը որևէ մոտիվացիա։ Շատ դեպքերում՝ ոչ։

Դպրոցի իմաստը պետք է լինի գիտելիք տալն ու օգնել աշակերտին ձևավորվել։ Ես կողմ եմ դպրոցական հոգեբաններին։ Ինքս էլ բազմիցս զգացել եմ հոգեբանի աջակցության կարիք։

Կհանեի նաև գնահատականները և 9-րդ դասարանից հետո թույլ կտայի, որ աշակերտներն ունենան առարկաներն ընտրելու հնարավորություն։ Լավ կլիներ նաև, որ սովորեցնեին կյանքում անհրաժեշտ հմտություններ՝ ֆինանսական գրագիտություն, ներդրում կատարելու հիմունքներ և այլն։

Այսօրվա երիտասարդները սարեր են նվաճում և համոզված եմ, որ երկիրն էլ կբարեփոխեն։

Հեղինակ՝ Մարիաննա Մանուկյան, Թբիլիսի

Նյութը պատրաստվել է «Ալիք Մեդիայի» նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել «Ալիք Մեդիայի» խմբագրակազմի հայացքների հետ: