Երեկվա օրը համառոտ. մայիսի 10

Անցած շաբաթվա ընթացքում (02-08.05.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 745 նոր դեպք։ Առողջացել է 984 հիվանդ, իսկ ութ պացիենտ մահացել է։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Կարլ Հարցելին է հանձնել Եվրամիության անդամակցության հարցաշարի երկրորդ մասը, որը երկիրը լրացրել է ժամկետից շուտ։

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Քեթրին Թայսի հետ հանդիպումից հետո ասել է. «Կարծում եմ՝ Վրաստան-ԱՄՆ առևտրային հարաբերությունները թևակոխում են նոր փուլ»: ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ խոսվել է տարածաշրջանում Վրաստանի դերի և կարևորության բարձրացման մասին, ինչը պայմանավորված է նոր աշխարհաքաղաքական իրավիճակով։

ԱՄՆ կատարած այցի ընթացքում Դավիթաշվիլին հանդիպել է ԱՄՆ արտահանման-ներմուծման բանկի փոխնախագահ Ջուդիթ Ֆրեյորի հետ։ Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ Դավիթաշվիլին խոսել է Վրաստանի տնտեսական միտումների, ազատական ​​բիզնես միջավայրի և ներդրումների համար բարենպաստ հարկային ռեժիմի մասին։

Թբիլիսիի քաղաքային դատարանը համաձայնել է լսել բժշկական փորձագետների կարծիքը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ։

Սաակաշվիլին համաձայնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության առաջարկին՝ հետազոտության համար տեղափոխվել «Վիվամեդի» կլինիկա:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ պետք է ձեռնարկվեն բոլոր միջոցները՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջությունն ապահովելու համար։ 

Մայիսի 10-ին Վրաստանում մեկնարկել է ֆերմերների աջակցության ծրագիրը։ Քաղաքացիները կարող են դիմել Liberty բանկի ցանակացած մասնաճյուղ` քարտ ստանալու համար, որի միջոցով պետությունը մոտակա ժամանականերում կփոխանցի 300 լարիին համարժեք միավորներ, ավելին՝ այստեղ:

Վրաստանի կառավարությունը հաստատել է վերականգնվող էներգիայի արտադրության ոլորտում 200 մլն դոլար ընդհանուր արժողությամբ մի քանի նախագծեր։ Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ արևային, հողմային և հիդրոէներգետիկ նախագծերի դրվածքային հզորությունը 150 ՄՎտ է։

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունն ամեն տարի պարգևատրում է լավագույն առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին ոսկե կամ արծաթե մեդալներով։

Արդեն 10 օրից ավել է հայկական բեռնատարները կանգնած են Թբիլիսիից դեպի Մցխեթա հատվածում՝ Զագեսիի մոտ, սպասում են Ռուսաստանի սահմանն անցնելու իրենց հերթին։ Տեղեկության համաձայն՝ տարածքում կուտակված է մոտ 300-400 բեռնատար, մեծ մասը հայկական, մի քանիսը բելառուսական համարանիշներով։ Մանրամասն՝ այստեղ:

Մառնեուլիի շրջանի մշակույթի տանը երեկ կայացավ հայկական և ադրբեջանական դպրոցների աշակերտների մասնակցությամբ մշակութային միջոցառում, ավելին՝ այստեղ:

Մայիսի 10-ի առուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0,03 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 3,0321 լարի։ Եվրոյի նկատմամբ ազգային արժույթը ամրապնդվել է 1,33 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,1977 լարի։

Եվ վերջում՝ մայիսի 10-13-ը Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։