Երեկվա օրը համառոտ. փետրվարի 28

Փետրվարի 28-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 605 472-ի: Մեկ օրում արձանագրվել է 2 465 նոր դեպք: Դրականության օրական ցուցանիշը կազմում է 17.44%

Երեկ կայացած կառավարության նիստի ընթացքում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մի շարք հայտարարություններ արեց, որոնք բուռն քննարկումների առիթ դարձան:

Ղարիբաշվիլին իր մտահոգությունն է հայտնել Ուկրաինայում կատարվող դեպքերի առնչությամբ ու նշել, որ տեղի ունեցողը բացարձակապես անընդունելի է համարում.

«Մենք մտահոգված ենք Ուկրաինայում ընթացող պատերազմով, ևս մեկ անգամ ուզում եմ արտահայտել մեր սրտացավությունը։ Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, բացարձակապես անընդունելի է։ Ուկրաինա ներխուժելը և այնտեղ ռազմական գործողություններ իրականացնելը հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին ու կանոններին»։

Ղարիբաշվիլին հայտնեց նաև, որ Վրաստանը Ուկրաինային է փոխանցել 100 տոննա հումանիտար բեռ։ 

Իր խոսքում Ղարիբաշվիլին անդրադառնալով նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ասաց, որ եթե նա լիներ այսօր Վրաստանի իշխանության ղեկին, ապա այս պատերազմը նախ կսկսվեր Թբիլիսիում, հետո՝ Կիևում։ Ղարիբաշվիլին նաև նշել է, որ երբեք չի կայացնի այնպիսի որոշում, որը կվնասի իր երկրի շահերին։

Վարչապետը  նշել է, որ Վրաստանն ամեն ինչ անում է Ուկրաինային աջակցելու համար, իսկ ընդդիմությունը ցանկանում է կրկնել 2008 թվականի դեպքերը․

«Ցավոք, վերջին օրերին այսպես կոչված մարգինալ ընդդիմությունը փորձում է խաղալ մեր քաղաքացիների վեհ զգացմունքների վրա, շահագործել, շահարկել և մոլորեցնել, մենք՝ կառավարությունը, անում ենք հնարավորը, ցուցաբերել առավելագույն աջակցություն»։

Ըստ Ղարիբաշվիլիի՝ հունվարին Վրաստանում եղել է 18 տոկոս տնտեսական աճ, այս տեմպերը պետք է պահպանվեն, «ուստի այժմ ժամանակը չէ որոշ ընդդիմադիր արմատականներին և մարգինալներին տալ այս իրավիճակն ապակայունացնելու հնարավորություն»։ 

Վրաստանի նախկին վարչապետ, «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան գրառում է կատարել` կոչ անելով Վրաստանի իշխանություններին դիմել Եվրամիությանը՝ արագացնելու Վրաստանի անդամակցությունը։ Գախարիան ընդգծել է, որ վրաց ժողովուրդն արդեն կայացրել է իր որոշումը՝ միանալ եվրոպական ընտանիքին։

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին երեկ կայացած կառավարության նիստից հետո ասել է, որ իշխանություններն անհանգստացած են մոտալուտ սպառնալիքներով և այդ մասին խոսել են ուկրաինացի և եվրոպացի գործընկերների հետ։ Ըստ Զալկալիանիի` բնակչությունը պետք է գիտակցի, թե ինչ սարսափելի իրավիճակ է։ 

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան երկու պայման է առաջ բերել, որոնցով դիմել է Վրաստանի կառավարությանը և իշխող ուժին։ Ինչպես Մելիան է նշել, առաջին պահանջն այն է, որ Վրաստանը պետք է միանա Եվրամիությանը՝ Ռուսաստանի համար օդային տարածքի փակման պատժամիջոցների հարցում։ 

Վրաստանի փոխվարչապետ Թեա Ծուլուկիանին էլ կիսում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունները Ուկրաինայում ռուսական պատերազմի վերաբերյալ։ Ծուլուկիանիի խոսքով՝ «կասկածելի» է, որ Արևմուտքի պատժամիջոցները կկարողանան դադարեցնել պատերազմն Ուկրաինայում: 

Ըստ Forbes Georgia-ի գլխավոր խմբագիր, BMG-ի խմբագիր Գիորգի Իսակաձեի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ազդեցություն կունենան Վրաստանի տնտեսության վրա, բայց այս պահին դժվար է ասել՝ ինչպես դա կազդի Վրաստանի ՀՆԱ-ի վրա։ Իսակաձեի խոսքով, փաստն այն է, որ սկզբնական փուլում, քանի դեռ ռուսական ռուբլին արժեզրկման նոր նշաձող չի գտել, լարին կհայտնվի աշխարհաքաղաքական այս ճնշման տակ՝ ռուսական տնտեսության նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներով, ինչը որոշ չափով փոխում է լարիի դիրքերը ամրապնդումից դեպի արժեզրկման։ 

Էկոնոմիկայի փորձագետ Ակակի Ծոմայայի կարծիքով առաջին խնդիրը, որին կհանդիպի Վրաստանը, դա կլինեն դրամական փոխանցումները, քանի որ Ռուսաստանին հեռացրել են SWIFT համակարգից։ Ըստ փորձագետի՝ երկրորդն այն է, որ Ռուսաստանի տնտեսությունը կկրճատվի, հետևաբար կկրճատվի նաև Վրաստանի տնտեսությունը, քանի որ Վրաստանի տնտեսությունը կախված է Ռուսաստանի տնտեսությունից: Ավելին՝ այստեղ:

Basisbank-ը գնում է VTB բանկ Վրաստանի գործող վարկային և ավանդային պորտֆելը։ VTB-ն այս որոշումը բացատրում է իր ավանդատուների և հաճախորդների շահերի պաշտպանությամբ։ Basisbank-ի գլխավոր տնօրեն Դավիթ Ցաավայի խոսքով, վերջինս կստանձնի VTB-ի որոշ մասնաճյուղերի պարտավորությունները ևս։ 

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գուրամ Գուրամիշվիլիի խոսքով՝ Վրաստանի էկոնոմիկայի նախարարության «Վրաստանի փոստ» ՍՊԸ-ն քաղաքացիներից ստացված մարդասիրական օգնության ծանրոցներն անվճար կուղարկի Ուկրաինա՝ ուկրաինացի ժողովրդին օգնություն ցուցաբերելու նպատակով։ 

Վրաստանում 2022 թվականի միասնական ազգային քննությունների գրանցումը կսկսվի այսօր՝ մարտի 1-ին, ժամը 10:00-ին և կշարունակվի մինչև ապրիլի 4-ի ժամը 18:00-ն: Դիմորդները կկարողանան գրանցվել միայն էլեկտրոնային եղանակով՝ Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի առցանց՝ naec.ge կայքում։ Այս մասին ճեպազրույցում ասել է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոֆիո Գորգոձեն։

Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ Ախալքալաքի կրթամշակութային երիտասարդական կենտրոնում անցկացվեց «Մայրենին՝ Սրբության Սրբոց» խորագրով կլոր սեղան քննարկում: Քննարկմանը մասնակցում էին Ախալքալաքի և Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնների հայոց պատմության խմբակի սաները, Ջավախքի պատանեկան և «Զորի Զորյան» երիտասարդական միության անդամները։ Մայրենիի միջազգային օրվա առթիվ կլոր սեղան-քննարկման ընթացքը համալրվեց նաև երիտասարդական կենտրոնի սաների երաժշտական և պարային կատարումներով:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոսել էր Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի հետ, որից հետո հայտարարել է.

«Ես շատ հետաքրքիր զրույց ունեցա նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ մեր առջև ծառացած բոլոր հարցերի շուրջ»:

Փետրվարի 28-ի առուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 5,14 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 3,2054 լարի։ Եվրոյի նկատմամբ ազգային արժույթը արժեզրկվել է 6,04 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,5859 լարի։

Վրաստանի կառավարության աշխատակազմի տեղեկության համաձայն՝ երեկ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քելի Դեգնանի հետ: Նշվում է, որ հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում է եղել տարածաշրջանում անվտանգության միջավայրը և Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունները։ Վրաստանի կառավարության ղեկավարը վերահաստատել է իր համերաշխությունն ու աջակցությունը ուկրաինացի ժողովրդին՝ ընդգծելով, որ Ուկրաինա ներխուժումը և այնտեղ ռազմական գործողությունների իրականացումը լիովին անընդունելի են ու հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին։