Երկրի տնտեսությունը թողնված է ինքնահոսի. Փոփխաձե

Իշխող «Վրացական երազանք»-ից վերջերս հեռացած, այժմ անկախ պատգամավոր Գեդևան Փոփխաձեն՝ անդրադառնալով Էկոնոմիկայի նախարար Գիորգի Քոբուլիայի պաշտոնանկությանը, ասել է, որ երկրի կառավարությունում տնտեսական ուղղությունը թողնված է ինքնահոսի։

«Պատկերացում չունեմ՝ ինչ է կատարվում: Երկրում շատ ծանր տնտեսական իրավիճակ է։ Այժմ տեղի ունեցող որևէ քայլի համար հստակ փաստարկներ են անհրաժեշտ: Կարծում եմ՝ կառավարությունում տնտեսական ուղղությունը ինքնահոսի է թողնված, մենք էլ՝ Աստծո հույսին։ Այս իրավիճակում դրական սպասումներ չունենք», — հայտարարել է Փոփխաձեն:

Հարցին, թե արդյոք Գիորգի Քոբուլիայի պաշտոնից հեռացումը կապված է Բիձինա Իվանիշվիլիի հետ, Փոփխաձեն պատասխանել է, որ հարցի շուրջ ինքը՝ Իվանիշվիլին, պետք է խոսի:

Հատկանշական է, որ դեռևս պաշտոնական հայտարարություն չկա Քոբուլիային պաշտոնից հեռացնելու պատճառների մասին։ Ընդդիմության կարծիքով այն ուղիղ կապ ունի Իվանիշվիլիի («Վրացական երազանք»-ի հիմնադիր նախագահ, նախկին վարչապետ) շահերի հետ: Իշխող կուսակցությունում կարծում են, որ փոփոխությունը տեղին էր: