Երկխոսություն կառավարության և պատրիարքարանի միջև. ինչ է սպասվում Զատկի տոնին Վրաստանում

Ապրիլի 13-ի ուշ երեկոյան Վրաստանի պատրիարքարանում տեղի է ունեցել հանդիպում վարչապետ Գիորգի Գախարիայի, կառավարության մի շարք անդամների և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեի և Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդ միջև:

Հանդիպման հետ կապված կողմերը դեռևս պաշտոնական հայտարարություն չեն արել, սակայն, հավանաբար հանդիպման թեման Զատկական պատարագն է, որն այժմ համար 1 քննարկման թեման է Վրաստանում:

Վրաստանի կառավարության որոշմամբ, համընդհանուր կարանտինի պայմաններում երեքից ավել մարդկանց հավաքը արգելվում է, բացի սննդամթերքի խանութներից և դեղատներից: Չնայած այս ամենին եկեղեցիներում և տաճարներում շարունակվում են ժամերգությունները և հավատացյալները հեռավորություն պահպանելով պատարագներին սովորական ռեժիմով մասնակցում են:

Ապրիլի 1-ին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդը արտակարգ հայտարարություն է տարածել:  Երկրի հոգևոր առաջնորդը հայտարարել էր, որ տաճարի դռները փակել հնարավոր չէ, ու այն բաց կլինի եկեղեցի գալ ցանկացող յուրաքանչյուր մարդու համար:

Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ Ուղղափառ եկեղեցիներում պարետային ժամի ընթացքում կանցկացվի զատկի պատարագը:

Ինչ վերաբերում է Վրաստանի կառավարությանը, այստեղ հայտարարում են, որ սահմանափակումները վերաբերում են բոլորին, և պարետային ժամի ընթացքում պատարագ անցկացնելը խախտում կլինի, սակայն 3-ից ավել մարդու հավաքվելու համար եկեղեցում դեռ ոչ ոք չի տուգանվել:

Վրաստանի կառավարության անդամները ավելի վաղ հայտարարեցին, որ չեն պատրաստվում մասնակցել Զատկի պատարագներին, ինչին հաջորդեց նաև նախագահի հայտարարությունը:

Մասնագետների խոսքով, կորոնավիրուսի տարածման պիկը Վրաստանում սպասվում է ապրիլի վերջին և եթե մարդաշատ պատարագներ անցկացվեն, հնարավոր է համաճարակային իրավիճակը կտրուկ վատանա:

Այսօր հավանաբար կողմերը հայտարարություն կանեն և պարզ կդառնա՝ ինչ համաձայնության են հասել վրաց պատրիարքարանն ու կառավարությունը: