Մի՛ մնա տանը. Բիձինա Իվանիշվիլին «զանգում է» քաղաքացիներին և հրավիրում ընտրության. ձայնագրություն

Վրաստանի քաղաքացիները բջջայիններին զանգեր և կարճ հաղորդագրություններ են ստանում՝ «48» համարից: 

«Ես Բիձինա Իվանիշվիլին եմ: Այսօր սկզբունքային ընտրության օր է: Մի՛ մնա տանը, արի՛ ընտրության, կատարի՛ր սկզբունքային ընտրություն, ընտրի՛ր Սալոմե Զուրաբիշվիլիին»:

Բիձինա Իվանիշվիլի ներկայացող ավտոմատ ձայնային հաղորդագրություն ստացել են Վրաստանի տարբեր բջջային օպերատորների բաժանորդները:

Օրեր շարունակ նույն բովանդակությամբ և կոչերով նաև sms հաղորդագրություններ են ուղարկվել:
«Ո՛չ ասա ատելությանը, բռնությանը, խաբեությանը, ո՛չ ազգայնականներին, ո՛չ չարությանը, թույլ չտաս բռնապետի հաղթանակը, ընտրի՛ր արժեքը, ազատությունը, զարգացումը: Արի՛ ընտրության, կատարի՛ր սկզբունքային ընտրություն: Ընտրի՛ր 48-ին»:

Հիշեցնենք, որ Վրաստանում հինգերորդ և վերջին ուղիղ նախագահական ընտրություններն են: Անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին սատարում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, իսկ միացյալ ընդդիմության թեկնածուն Գրիգոլ Վաշաձեն է: Երկրորդ փուլի քարոզարշավին երկու թիմն էլ ընտրել է հակաքարոզչության սկզբունքը: