Ղարաբաղյան հակամարտությունը ներքին հարաբերությունների դաշտ բերելու փորձ է արվում. Ցիխելաշվիլի

«Վերջին շրջանում փորձեր են արվում արտաքին զգայուն որոշ հարցեր, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներքին հարաբերությունների դաշտ բերել՝ դրանցում ներքաշելով նաև մեր էթնիկ խմբերին»,- այս մասին հայտարարել է Վրաստանի քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին:

Նա ընդգծել է, որ անընդունելի են նման երևույթներն առաջին հերթին ազգությամբ հայ և ադրբեջանցի Վրաստանի քաղաքացիների համար, որոնք վրացիների հետ միասին ապրում, աշխատում ու նպաստում են երկրի զարգացմանը:

«Մեր արտաքին դիրքորոշումը հստակ է, հարևանների հետ հարաբերությունները չափազանց կարևոր են։ Ավելին, Վրաստանը պատրաստակամություն է հայտնում լինել խաղաղության հարթակ: Այս ամենը արտաքին քաղաքականության մաս է, կապ չունի ներքինի հետ, որտեղ մեր նպատակը բազմադարյա խաղաղ համակեցության պահպանումն է»,- ասել է պետնախարարը:

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նախարար Քեթևան Ցիխելաշվիլին և փոխնախարար Լիա Գիգաուրին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից գործող ազգային փոքրամասնությունների խորհրդի և պետական միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին են ներկայացրել քաղաքացիական հավասարության և ինտեգրման պետական ռազմավարության 2018 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունն ու 2019-ի առաջնահերթությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են էթնիկ փոքրամասնություններին խնդիրների ուղղությամբ իրականացված միջոցառումները, մամուլի և տեղեկատվության հասանելիության և գենդերային հավասարության ապահովման մասին հարցերը:

Խոսվել է հասարակական ու քաղաքական կյանքում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների լիարժեք ներգրավվածության, նրանց համար հավասար տնտեսական պայմանների ու հնարավորությունների ստեղծման, որակյալ կրթության հասանելիության և պետական լեզվի իմացության բարելավման, նրանց մշակույթի պահպանման և ընդհանրապես հանդուրժողական միջավայրի ապահովման ուղղությամբ առաջիկա ծրագրերի մասին:

Պետնախարարը կարևորելով նման հանդիպումները, նշել է, որ դրանք լավ հնարավորություն են քննարկել քաղաքական զարգացումներն էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների ու նրանց ինտեգրման հարցերով զբաղվող շահագրգիռ կողմերի հետ: