Ես այլատյաց չեմ. Միխեիլ Սաակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Մթավարի» ալիքի եթերում հայտարարել է, որ ինքն այլատյաց չէ:

Սաակաշվիլին խոսելով երկրի աղքատությունից, նշել է, որ տնտեսական աճի դեպքում վրացի կանայք ստիպված չեն լինի Հունաստանում ծերերին խնամել:

«Թող ոչ ոք ինձ չմեղադրի այլատյացության մեջ, քանի որ դարեր շարունակ որևէ մեկին չի հաջողվել կոնսոլիդացնել Վրաստանի բազմազգ հանրությունը, իսկ ես դա արել եմ: Հարցրեք Վրաստանի ադրբեջանցիներին, հայերին, հրեաներին․․․ Ես այլատյաց չեմ, սակայն իսկապես չեմ ուզում, որ վրացի կանայք հույներին ծառայեն»,- ասել է Սաակաշվիլին:

Սա առաջին դեպքը չէ, երբ Սաակաշվիլիին մեղադրում են այլատյացության մեջ: Օրեր առաջ նա կորոնավիրուսի տարածման մասին խոսելիս, ասել էր, որ Չինաստանի ոչ մի քաղաքացի Վրաստանի հողի վրա պետք է ոտք չդնի, քանի դեռ համաճարակային վտանգ կա:

2018 թվականի նոյեմբերի 4-ին նա սոցիալական նշանով խտրականության ու այլատյացության համատեքստում հիշել էր Աֆրիկայի և Ասիայի երկրների միգրանտներին: Բացի այդ, «Վրացական երազանք» իշխող կուսակցության փիար մասնագետ Մոշե Ալուգհափին անվանել էր «ինչ-որ հրեա աֆերիստ»: