Ես կլինեմ Վրաստանի բոլոր քաղաքացիների նախագահը․ Զուրաբիշվիլին Նինոծմինդայում է (լուսանկարներ)

Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, ում իր աջակցությունն է հայտնել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, այսօր իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելեց Նինոծմինդա:

Հանդիպումը տեղի ունեցավ քաղաքի մշակույթի և երիտասարդության տանը, որտեղ Սալոմե Զուրաբիշվիլիին դիմավորեց ավելի քան 500 քաղաքացի: Ներկա էին Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, ինչպես նաև շրջանային այլ պաշտոնյաներ:

Սալոմե Զուրաբիշվիլիին ուղեկցում էին Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Գիորգի Վոլսկին, «Վրացական երազանք»-ի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը, Ախալքալաքի և Նինոծմինդայի սակրեբուլոյի նախագահները և Զուրաբիշվիլիի նախընտրական շտաբի ղեկավար Կախա Սամխարաձեն:

Հանդիպման սկզբում ելույթով հանդես եկավ Հենզել Մկոյանը՝ Զուրաբիշվիլիից խնդրելով լուծում տալ շրջանում քաղաքացիության խնդիր ունեցողների հարցին։

«Վրացական երազանք»-ի անդամ Գիորգի Վոլսկին իր ելույթում զուգահեռներ տարավ Շառլ Ազնավուրի և Սալոմե Զուրաբիշվիլիի միջև՝ նշելով, որ «նրանք երկուսն էլ Ֆրանսիայում են ծնվել ու դարձել մեր ազգերի դեսպանները»:

Այնուհետև ելույթ ունեցավ Նինոծմինդայի մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով ծառայության ղեկավար Ժորա Սնխչյանը՝ քաղաքացիներին կոչ անելով ընտրել Սալոմե Զուրաբիշվիլիին:

Հանդիպումը եզրափակեց Սալոմե Զուրաբիշվիլին, ով իր ելույթի սկզբում խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Ազնավուրի հիշատակը։ Նա նշեց, որ կլինի Վրաստանի բոլոր քաղաքացիների նախագահը, անկախ նրանց ազգային պատկանելությունից, լեզվից, մշակույթից ու կրոնից:

«Վրաստանը հանդուրժողականության երկիր է, ես կլինեմ հանդուրժող Վրաստանի նախագահը: Սա այն շրջաններից էր, որտեղ հանդուրժողականություն է տիրում: Եվ հենց այդ հանդուրժողականության պատճառով է, որ այսօր ես վրացերեն եմ խոսում և ինձ թարգմանիչ է անհրաժեշտ: Միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ անհրաժեշտ է, որպեսզի այս հանդուրժողականության հետ միասին պետական լեզուն իրականում դառնա պետական լեզու, որին հասնելու համար մեզ կօգնեն տարբեր պետական ծրագրերը»,- հայտարարեց Սալոմե Զուրաբիշվիլին:

Զուրաբիշվիլին նաև անդրադարձավ քաղաքացիության խնդիրներին՝ խոստանալով, որ հետամուտ կլինի դրանց լուծմանը։ «Այսուհետ նախագահի քմահաճույքին չի մնա քաղաքացիություն շնորհելու հարցը»,-ասաց նա: Նախագահի թեկնածուն ընդգծեց այն օրենսդրական փոփոխությունների մասին, որոնց համաձայն Վրաստանում թույլատրվում է երկքաղաքացիությունը: Զուրաբիշվիլին նաև անդրադարձավ շրջանի տնտեսական զարգացման հարցին՝ առաջնահերթություն տալով տեսարժան վայրերին ու լճերին, տեղում արտադրվող ապրանքների արտահանմանը:

Սալոմե Զուրաբիշվիլին խոսքն ավարտեց՝ խնդրելով շրջանի բնակչության վստահությունն ու աջակցությունը առաջիկա ընտրություններում, որից հետո ծաղիկներ զետեղեց երիտասարդության տանը տեղադրված Շառլ Ազնավուրի նկարի առջև: