Ախալքալաքում կաթի վերամշակման գործարան կբացվի

Բարձրլեռնային բնակավայրերի զարգացման հիմնադրամի համար հատկացված 20 միլիոն լարիից 10 միլիոնը կօգտագործվի բարձրլեռնային շրջաններում տարբեր ենթակառուցվածքային աշխատանքների, իսկ մնացած 10 միլիոնը գյուղատնտեսական զարգացման ծրագրերի իրականացման համար: Այս մասին ասվում է Վրաստանի Կառավարության որոշման մեջ:

«Բարձր լեռնային շրջաններում պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի ռացիոնալ օգտագործման պետական ծրագրի» շրջանակներում Դմանիսիի և Ախալքալաքի շրջաններում կաթնամթերքի վերամշակման երկու գործարան կկառուցվի՝ անհրաժեշտ սարքավորումներով հագեցած:

Հիմնադրամի միջոցները կօգտագործվեն «Ապագայի իրականացում» պետական ծրագրի շրջանակներում բարձրլեռնային գոտում գրանցված գյուղատնտեսական կոոպերատիվների ֆինանսավորման, ինչպես նաև բարձրլեռնային շրջաններում արդեն գործող կաթի վերամշակման գործարանների համար համապատասխան սարքավորումներ գնելու համար:

2019 թվականին Վրաստանի կառավարությունը հաստատեց Վրաստանի բարձրլեռնային բնակավայրերի զարգացման հնգամյա ռազմավարությունը, որը մշակվել է լեռնային շրջանների զարգացման ազգային խորհրդի կողմից: Հիշյալ հայեցակարգն ուղղված է բարձր լեռնային համայնքների կայուն զարգացմանը, բնակիչների սոցիալական աջակցությանը և ծառայությունների հասանելիության աճին:

Վրաստանում բարձրլեռնային կարգավիճակ ունի 1 731 բնակավայր և գրանցված՝ 246 012 մշտական ​​բնակիչ: