Եվրաանդամակցության գործընթացը՝ Կոբախիձե-Վարհեյ հանդիպման օրակարգում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյի հետ։

Վարչապետի Բրյուսել այցի շրջանակներում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։ Ուշադրություն է հրավիրվել ընդլայնման զեկույցում ներկայացված առաջարկությունների վրա։

«Ինչպես նշել է վարչապետը, Վրաստանը շարունակում է սերտորեն համակարգել և համագործակցել ԵՄ կառույցների հետ՝ Եվրոպական հանձնաժողովի զեկույցում նշված առաջարկությունների իրականացման համար։ Վարչապետը խոսել է այս ուղղությամբ կառավարության գործադրած ջանքերի մասին և եվրահանձնակատարին տեղեկացրել ընթացիկ իրադարձությունների և ապագա ծրագրերի մասին։

Իրակլի Կոբախիձեի խոսքով, ընդլայնման զեկույցի հրապարակումից հետո Վրաստանը մշակել է կոնկրետ գործողությունների ծրագիր զեկույցում նշված առաջարկությունների իրականացման համար, որի իրականացումն ակտիվորեն ընթանում է։
Կողմերը խոսել են նաև Վրաստանի և Եվրամիության միջև տարբեր ուղղություններով համագործակցության մասին»,- հայտնում են Վրաստանի կառավարությունից:

Ուշադրություն է դարձվել տարածաշրջանում և աշխարհում անվտանգության մարտահրավերներին։ Կողմերը քննարկել են առկա մարտահրավերները լուծելու ուղիները։
Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Վարհեյին Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացում ցուցաբերած աջակցության համար։