Եվրահանձնակատարը քաղաքական ուժերին միավորվելու կոչ է անում

Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը կոչ է անում Վրաստանի քաղաքական կուսակցություններին միավորվել և միասին աշխատել ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։

«Հենց հիմա է բարեփոխումներ իրականացնելու պահը, մի վատնեք ժամանակն ու էներգիան ներքին տարաձայնությունների վրա, այլ աշխատեք միասին»,-ԵԽ կենտրոնակայանում հրավիրած ասուլիսում ասել է Վարհեյը:

Եվրահանձնակատարի համոզմամբ, այդ դեպքում բարեփոխումներն արդյունավետ կլինեն, իսկ հանձնաժողովը դրական գնահատական կտա Վրաստանի ջանքերին։

Նա նշել է, որ բացի այդ, բարեփոխումներն իրականացնելու դեպքում, Եվրամիության նոր տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներում Վրաստանը հնարավորություն կունենա ստանալու առնվազն 3,9 միլիարդ եվրո՝ մասնավոր և պետական ​​ներդրումներ իրականացնելու համար։

«Սակայն դրա համար անհրաժեշտ են վստահելի ներդրումային միջավայր և իրավական որոշակիություն»,- հավելել է նա։