Եվրահանձնակատարի հետ Սաակաշվիլիի և Գվարամիայի մասին չեն խոսել. Պապուաշվիլի

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյսի հետ հանդիպումից հետո ասել է, որ ինքը եվրահանձնակատարի հետ չի խոսել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիայի մասին:

«Միակ մարդը, որ նրանց հիշել է` ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչն էր. հանձնակատարը չի խոսել այդ հարցերի մասին»,- ասել է Պապուաշվիլին։

Ըստ նրա՝ իրականում Եվրահանձնաժողովն է, որ պետք է գնահատի Վրաստանի առաջընթացը եվրաինտեգրման ճանապարհին, հետևաբար` կարևոր են եվրահանձնակատարի գնահատականները Վրաստանի վերաբերյալ:

«Հանձնաժողովը հենց այն ինստիտուտն է, որը կգնահատի Վրաստանի առաջընթացը, ոչ թե Եվրախորհրդարանը: Եվրախորհրդարանը քաղաքական մարմին է, որտեղ կան քաղաքական գործիչներ, յուրաքանչյուրն ունի իր օրակարգը: Դրա համար էլ ԵՄ հանձնաժողովը կարևոր է գնահատման համար…»,- մանրամասնել է Պապուաշվիլին։