Եվրամիության դռները չեն փակվի Վրաստանի առջև․ եվրապատգամավոր

Եվրամիության դռները չեն փակվի Վրաստանի առջև՝ չնայած վերջին շրջանում երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ձեռնարկած որոշ մտահոգիչ քայլերին, X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի լեհ պատգամավոր Աննա Ֆոտիգան:

Ֆոտիգան նշել է՝ ընդլայնման քաղաքականությունը մնում է Եվրոպայում կայունության և բարգավաճման հիմնական գործիքը։ Նրա խոսքով, սա ռազմավարական աշխարհաքաղաքական որոշում է, և ԵՄ-ն իրավունք չունի կրկնել սխալները և գործընկերներին թողնել գորշ գոտիներում։

«Մենք չենք կարող փակել Եվրամիության դուռը Վրաստանի առաջ, երբ գնահատում ենք նրա առաջընթացը՝ Եվրամիության ճանապարհին, թեև իշխող կուսակցության վերջին քայլերը մտահոգիչ են»,- գրել է Ֆոտիգան:

Ի դեպ, այսօր՝ նոյեմբերի 8-ին, կհրապարակվի Եվրահանձնաժողովի գնահատականը Վրաստանի կողմից 12 հանձնարարականների կատարման վերաբերյալ։ Եվրախորհուրդը Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի դեկտեմբերին, երբ կհանդիպեն 27 երկրների ղեկավարներ։