Եվրամիությունը 38 միլիոն եվրո արժողությամբ նոր նախագծեր է ֆինանսավորում՝ Վրաստանի քաղաքացիների, գյուղական զարգացման և փոքր բիզնեսի աջակցության համար․ այս մասին Կախեթիում «Եվրոպայի օրվան» նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։
Դեսպանի պարզաբանմամբ՝ նախաձեռնությունների շուրջ համաձայնությունը և համապատասխան պայմանագրերի ստորագրումը նախատեսվում է մինչև տարեվերջ։ Աջակցությունն ուղղված կլինի ամբողջ երկրի մասշտաբով քաղաքացիների, ընտանիքների և տեղական համայնքների հզորացմանը։
«Ցանկանում եմ օգտվել առիթից և հայտարարել Եվրամիության ֆինանսավորվող նոր նախաձեռնությունները՝ 38 միլիոն եվրո արժողությամբ նախագծեր, որոնց ստորագրմանը հուսով ենք մինչև տարեվերջ։ Սա ներառում է գյուղական զարգացման աջակցություն, փոքր և միջին բիզնեսի խթանում, կանանց և աղջիկների հզորացում, շրջակա միջավայրի պաշտպանություն՝ այն ամենը, ինչ Եվրամիությունն անում է Վրաստանի համար արդեն 30 տարուց ավելի։ Չնայած առկա մարտահրավերներին՝ մենք անպայման շարունակելու ենք այս աջակցությունը», — նշել է Պավել Հերչինսկին։
«Եվրամիությունը քեզ համար» ծրագրի շրջանակում հատկացված 38 միլիոնանոց ռեսուրսը կբաշխվի կոնկրետ ոլորտների միջև․
Կրթության և զբաղվածության հնարավորությունների ընդլայնում.
Ընտանեկան տնտեսությունների հզորացում և սննդի որակի/անվտանգության բարելավում.
Փոքր քաղաքների և գյուղերի տնտեսական զարգացում.
Կանանց տնտեսական հնարավորությունների աճ.
Երիտասարդների և խոցելի խմբերի աջակցություն (այդ թվում՝ Աբխազիայի տարածաշրջանում).
Շրջակա միջավայրի պաշտպանության և էկոլոգիական ստանդարտների բարելավում։
Եվրամիության ներկայացուցչության գնահատմամբ՝ նոր ֆինանսական փաթեթը ևս մեկ անգամ հաստատում է եվրոպական ընտանիքի անխախտ հավատարմությունը վրաց ժողովրդի և երկրի եվրոպական ուղու նկատմամբ։
Միջոցառմանը մասնակցում էին Եվրամիության անդամ երկրների դիվանագետներ, նախագծերի շահառուներ և տեղի բնակիչներ։
Բացման արարողությանը Պավել Հերչինսկին խոսել է նաև Վրաստանի և Եվրամիության բազմամյա կապերի մասին․ «Եվրամիությունը նման է վրացական բազմաձայնությանը։ 27 անկախ պետություններ ստեղծում են հզոր միություն՝ այնպես, ինչպես յուրաքանչյուր ձայն ստեղծում է միասնական մեղեդի։ Մենք ցանկանում ենք, որ եվրոպական բազմաձայնության մեջ վրացական ձայնը հստակ հնչի։ Եվրամիության և Վրաստանի բարեկամությունը սկսվում է անկախության առաջին իսկ օրերից։ Ճիշտ է, այս սերտ կապը վերջին շրջանի հակաեվրոպական հռետորաբանությամբ շատ է վնասվում, սակայն այն չի կարող փոխել այն. անհնար է մոռացության տալ կամ մի քանի տարում ջնջել բազմամյա պատմությունը։ Մենք շարունակելու ենք աջակցել Վրաստանի դեմոկրատական և եվրոպական ապագային», — հայտարարել է դեսպանը։
Թբիլիսիից և Բաթումից հետո Թելավին թվով երրորդ քաղաքն է, որն այս տարի հյուրընկալել է «Եվրոպայի օրը»։