ԵԽ-ն կքննարկի Վրաստանում լրագրողների անվտանգության հարցը

Եվրախորհրդարանը հունիսի 6-9-ը կայանալիք լիագումար նիստում կքննարկի ԶԼՄ-ների իրավունքները և անվտանգությունը Վրաստանում։

«ԶԼՄ-ների ազատության սահմանափակումը և լրագրողների անվտանգությունը Վրաստանում»՝ այսպես է կոչվում բանաձևը, որը Եվրախորհրդարանում կքննարկվի հունիսի 8-ին, իսկ քվեարկությունը տեղի կունենա հունիսի 9-ին։

Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան սպասում են Եվրամիության որոշմանը անդամակցման թեկնածու առաջադրվելու վերաբերյալ: Թեև Եվրախորհրդարանը հայտատու երկրի անդամակցության գործընթացում որոշումներ կայացնող մարմին չէ, նրա աջակցությունը կարևոր քաղաքական դեր ունի։

Նշենք, որ Եվրախորհրդարանը Ուկրաինայի դիմումի հաջորդ օրը՝ մարտի 1-ին, բանաձև է ընդունել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի՝ կոչ անելով ԵՄ կառույցներին աշխատել Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ շնորհելու ուղղությամբ։ Մայիսի 5-ին Եվրախորհրդարանը նմանատիպ բանաձև է ընդունել Մոլդովայի դիմումի վերաբերյալ։ Բանաձևում Եվրախորհրդարանը ողջունում է Մոլդովայի ԵՄ անդամակցության դիմումը և նշում, որ ԵՄ-ն պետք է նրան թեկնածուի կարգավիճակ շնորհի։ Եվրախորհրդարանը Վրաստանի վերաբերյալ նմանատիպ բանաձև դեռ չի ընդունել։

Երեկ՝ հունիսի 2-ին, Եվրախորհրդարանի լիագումար նիստի օրակարգ է մտցվել Վրաստանի վերաբերյալ բանաձև, որի վերնագրում նշվում է, որ այն չի վերաբերում Վրաստանում ընդհանուր իրավիճակին կամ ԵՄ-Վրաստան հարաբերություններին, այլ՝ լրատվամիջոցների իրավունքներին։