Եվրոպացի գործընկերները կգնահատեն Վրաստանի առաջընթացը․ Դարչիաշվիլի

Բրյուսելում Վրաստան-Եվրամիություն Ասոցացման խորհրդի նիստի շրջանակներում արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպում է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավոր Պետրաս Աուստրևիչիուսի հետ։

ԱԳՆ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին, այս ճանապարհին ձեռք բերված առաջընթացին և առկա մարտահրավերներին։ Ընդգծվել է գործընթացում Եվրախորհրդարանի աջակցությունը և Վրաստանի արդյունավետ համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ։

Հանդիպման ընթացքում Վրաստանի արտաքին գործերի նախարարը եվրոպացի պատգամավորին տեղեկացրել է Եվրահանձնաժողովի հանձնարարականների իրականացման գործընթացի առաջընթացի մասին։

Իլիա Դարչիաշվիլին հույս է հայտնել, որ Վրաստանի առաջընթացը և տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումները կգնահատվեն եվրոպացի գործընկերների կողմից։

«Արտաքին գործերի նախարարի և Եվրախորհրդարանի հանդիպմանը անդրադարձ է եղել նաև անվտանգությանը և այդ առումով Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող ծանր իրավիճակին»,- ասվում է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։