Եվրոպական ուղուն աջակցում է Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը․ ԵՄ դեսպան

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ասել է, որ Վրաստանը պատմական հնարավորություն ունի դառնալու եվրոպական ընտանիքի միասնական, անվտանգ և տնտեսապես հզոր անդամ։ Այս դիտարկումը դեսպանն արել է մայիսի 6-ին՝ «Եվրոպայի օրվան» նվիրված միջոցառման ժամանակ։

«Մենք այսօր նշում ենք «Եվրոպայի օրը», այս օրը Վրաստանը աշխարհին նայում է եվրոպական դիտանկյունից, և սա մեծ հաջողություն է։ Հաջորդ փուլը երկրի համար թեկնածուի կարգավիճակ ստանալն է, որը Վրաստանին էլ ավելի կմոտեցնի ԵՄ անդամակցությանը։ Այս նպատակին աջակցում է բնակչության ճնշող մեծամասնությունը»,- ասել է դեսպանը։

Ելույթ է ունեցել նաև Վրաստանում Շվեդիայի դեսպան Ուլրիկ Տիդեստրոմը` նշելով, որ Շվեդիայի համար կարևոր է Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը։

«Վրաստանի եվրոպական ուղին Շվեդիայի համար նույնքան կարևոր է, որքան Եվրամիությունում իր (Շվեդիայի) նախագահությունը։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք միասին ավելի ուժեղ ենք», — ասել է Շվեդիայի դեսպանը։