«Եվրոպական Վրաստանը» կոչ է անում 2020-ին չհամագործակցել «Վրացական երազանքի» հետ

«Եվրոպական Վրաստանը» և «Ազատ դեմոկրատները» արևմտամետ ընդդիմադիր կուսակցություններին կոչ են անում բարձրաձայն հայտարարել, որ 2020 թվականի ընտրություններից հետո չեն համագործակցի Բիձինա Իվանիշվիլիի հետ:

Համապատասխան հայտարարությունն այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել են Գիգա Բոկերիան, Գիգի Ուգուլավան և Սանդրո Բարամիձեն:

«Մեր հասարակության գլխավոր հարցը, գլխավոր խնդրանքը և կոչը դա փոփոխություններն են: Իվանիշվիլին պետք է գնա այնպես, որպեսզի իր հետևից չթողնի քաոս: Այդ պատճառով ուզում ենք մեր գործընկեր ընդդիմադիր կուսակցություններին առաջարկել ընտրողների առաջ հստակ հայտարարել, որ ընտրություններից հետո Իվանիշվիլիի «Երազանքի» համար չենք ստեղծի կառավարություն և վերջ կտանք նրա մենաշնորհին բոլոր ուղղություններով: Հստակ պետք է ասենք, որ «Վրացական երազանքի» հետ կոալիցիա չենք կազմի»,- հայտարարել է Ուգուլավան՝ հավելելով, որ առանձին վերցրած Իվանիշվիլիի կուսակցությունը ձայների 50 տոկոսը չի ստանա, որը հնարավորություն կտա առանց քաոսի նրան հեռացնել իշխանությունից:

Նրա խոսքով, իրենք պատրաստ են այս հարցերով կուսակցությունների հետ խորհրդատվություններ վարել, ինչպես նաև հուշագիր ստորագրել: